Վերահսկիչ պալատի (ՎՊ) անդամներին և նախագահներին այսուհետ կարգելվի իրենց հրապարակային ելույթներում քաղաքական գնահատականներ տալ և եզրահանգումներ անել՝ ՎՊ կողմից հայտնաբերված խախտումների իրավական հետևանքների վերաբերյալ։ Oրենքի այս նախագծին այսօր ՀՀ կառավարության նիստում հավանություն են տվել գործադիրի անդամները։
Օրենքի նախագծի համաձայն, ՎՊ-ի տարեկան հաշվետվությունը չպետք է գրառումներ ներառի նախորդող երեք տարիներից առաջ ընկած ժամանակահատվածի խախտումների վերաբերյալ։ Այժմ օրենքը սահմանված կարգով ուղարկվելու է Ազգային ժողով, որտեղ էլ կընդունվի մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի կողմից։
Ավելի վաղ մամուլում կարծիք էր տարածվել, թե կառավարության որոշումը պայմանավորված է վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին պատժելու ցանկությամբ, ով իր վերջին հաշվետվության մեջ քննադատել էր կառավարության գործունեության մի շարք ոլորտներ։