Անցյալ տարվա հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հորը զայրացրել են միջադեպի մասին Խաչատրյանի երեկ հնչեցրած հայտարարությունները։ News.am-ի հետ զրույցում էմիլ Բուդաղյանը նշել է, որ Խաչատրյանը հեքիաթներ է պատմել, մասնավորապես, ասելով, որ Ավետիք Բուդաղյանը խմած է տանից դուրս եկել և գնացել մարզպետի տուն։
«Ասում ա՝ խմած ա եղել, բայց ինքը եկավ տուն, նորմալ խոսեցինք, հետո ասաց, որ գնում ա հիմնարկ: Եթե խմած լիներ, մենք չէինք թողնի տնից դուրս գար: Ավելին ասեմ. Ավոյիս Սուրիկ Խաչատրյանը մեքենայի մեջ ասել ա՝ դու թուրքերի հետ ես տալիս-առնում, իսկ իմ հետ չես շփվում, դրանից հետո տղուս խփել ա ու ասել, որ աշխատածիդ 50%-ն ինձ պիտի տաս: Ավոյիս ծեծելով են իջացրել մեքենայից: Մենակ ծեծելու համար իրան դատ ա հասնում», – ասել է Էմիլ Բուդաղյանը:
Նա համոզված է, որ Սյունիքի նախկին մարզպետը տարիներ առաջ տված «խոստումն» է կատարել:
«Դեռ 1996-1997թթ. քաղաքապետի ընտրություններից հետո Սուրիկ Խաչատրյանն ինձ ասել էր, որ երեխեքիս վնաս ա տալու: Մենք մեզ միշտ հեռու ենք պահել, էս ինքն ա բզբզում, անընդհատ բզբզում»,- նշել է նա:
Էմիլ Բուդաղյանին ամենաշատը զայրացրել էր Սուրիկ Խաչատրյանի այն արտահայտությունը, թե «ցավալին այն է, որ իր ընտանիքի անդամները, ծնողները, որևիցե մեկը չի ասում. «Գիշերվա կես, քեֆդ՝ լավ, զենքերդ վերցնում ես, ու՞ր ես գնում»:
Նա խորհուրդ է տվել Սուրիկ Խաչատրյանին «նախ իր ընտանիքին ու հարազատներին նայել, հետո անիմաստ տեղը քննադատել ուրիշներին»:
«Թող իրան նայի, իրա երեխեքը, որ էդքան հանցագործություն են անում, իրա ախպերները, նարկաման ու խուժան են: Հանրապետության ամբողջ նարկոբիզնեսն իրանց ձեռքին ա»,- եզրափակեց Էմիլ Բուդաղյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին երեկոյան Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը վիրավորվել է: Փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրանը և թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը: Հետագայում երկուսն էլ ազատ են արձակվել, քանի որ քննչական մարմինը գտել է, որ նրանք ինքնապաշտպանվել են: Կողմերի միջև վեճը սկսվել էր նույն օրը ցերեկը, որից հետո շարունակվել էր Խաչատրյանի տան մոտ։
Մանրամասները՝ news.am
Լուսանկարը՝ hetq.am