Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերությունը կանգնած են մարտահրավերների առջև: Այս մասին Դուբլինում Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանին երեկ հնչեցրած իր ելույթում ասել է Սերժ Սարգսյանը։
«Ուկրաինայի իրադարձությունները լուրջ մտահոգության առարկա են բոլորիս համար: Խորապես ցավում ենք, որ Կիևում եղան մեծաքանակ մարդկային զոհեր: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անել առավելագույնը լարվածության թուլացման և երկխոսության միջոցով ողջամիտ լուծումներ գտնելու ուղղությամբ:
Ինչպես և նախկինում՝ գտնում ենք, որ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը մի գործընկերոջ հետ չպետք է հանգեցնի նոր բաժանարար գծերի ձևավորմանը: Հայաստանը շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը», – ասել է Սերժ Սարգսյանը:
Նա շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը 2013թ. դեկտեմբերին Հայաստանին Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից օգտվելու հնարավորություն ընձեռելու համար:
«Այդուհանդերձ, այդ համակարգի առավելությունները լիարժեք օգտագործելու համար դեռևս կա իր լուծումը պահանջող մի կարևոր խնդիր, այն է` Եվրոպական միության մաքսային միության անդամ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման վերացումը: Այսօր, երբ մարդկությունը ոգեկոչում է Առաջին աշխարհամարտի հարյուրամյակի սարսափը, Թուրքիան ոչ միայն չի հրաժարվում ժխտողականության իր քաղաքականությունից, ոչ միայն փորձում է մոռացության մատնել Հայոց Ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակն ու անտեսել հայրենազրկված ժողովրդի պահանջը, ոչ միայն չի ապաշխարհում կատարվածի համար, այլ շարունակում է Հայաստանին և հայերին վնասելու ազգատյաց և այլատյաց արմատներ ունեցող քաղաքականությունը:
Եվրոպական արժեհամակարգի առանցքային սկզբունքներից է չլռել, երբ տեսնում ենք անարդարություն, երբ լսում ենք կողմնապահ մտքեր, և հատկապես երբ ականատես ենք լինում այլատյացության դրսևորման: «Այլևս երբեք»-ը մեր իսկ կարգախոսն էր, որ ծնվեց երկու աշխարհամարտերի արհավիրքներից: Բայց այդ կարգախոսը կյանքի կոչելու միայն մեկ ձև կա` հիշել, դատապարտել և պահանջել: Մեզ համար անընդունելի և անհասկանալի է, երբ մենք հանդուրժում ենք ֆաշիզմի որևէ դրսևորում, երբ ձևացնում ենք, որ չենք լսում Եվրոպայի խորհրդի անդամ-պետություն Ադրբեջանի Նախագահի ելույթը, երբ նա բացեիբաց ատելություն և թշնամանք է քարոզում: Որպեսզի Արևելյան գործընկերությունն աշխատի, մենք պետք է շիտակ և ազնիվ լինենք միմյանց հուզող հարցերում», – ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է, որ տարիներ շարունակ Եվրոպական միությունը և նրա անդամ երկրներն աջակցություն են ցուցաբերել Հայաստանի սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը, պետական կառույցների ամրապնդմանը, հանրային կառավարման բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարի և աղքատության կրճատման գործում:
«Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն տվեց 2014-2015թթ. համար ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին: Մենք հանձնառու ենք շարունակելու մեր ջանքերը Եվրոպական միության հետ գործուն կառուցակարգեր ձևավորելու ուղղությամբ, որոնք մի կողմից արտացոլում են ԵՄ հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի են համագործակցության մյուս ձևաչափերի հետ», – եզրափակել է Սարգսյանը: