Home / Հայաստան / Բաքուն Ղարաբաղը պահանջելու բարոյական իրավունք չունի․ կարծիք Ադրբեջանից

Բաքուն Ղարաբաղը պահանջելու բարոյական իրավունք չունի․ կարծիք Ադրբեջանից

Բաքվեցի լրագրող Քյամալ Ալին իր՝ Contact.az-ում հրապարակված «Մենք արժանի չենք» հոդվածում Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմ վերադառնալու հարցը կապում է Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի հետ։

Հոդվածը ներկայացնում ենք թարգմանաբար․

«Ադրբեջանում մարդու իրավունքների ապահովման հարցն այնքան վատ վիճակում է, որ ԼՂ-ում հայերը անհանգստանալու որևէ առիթ չունեն»,- «Կավկազսկի ուզել» ռուսաստանյան ռեսուրսի իմ բլոգում այսպիսի մեկնաբանություն է թողել մի անհայտ ընթերցող։

Ամենասարսափելին այն է, որ ես, որ կարող եմ հիմնավորված պատասխաններ տալ Ղարաբաղի հայերի ինքնորոշման, ադրբեջանական հողերի միացման կամ գրավման մասին հայերի բոլոր կարծիքներին ու պնդումներին, այս դեպքում առարկելու ոչինչ չունեմ։

Հինգ տարի առաջ, երբ հանգստանում էի մեր Կովկասի լեռներում, հանդիպեցի մի մոսկվացի ադրբեջանցու հետ, որն ամբողջ ընտանիքի հետ եկել էր պատմական հայրենիքում մեկ ամիս հանգստանալու։ Նրանք ծնունդով Ղարաբաղի գրավյալ շրջանից էին։ Մոսկվայում որդու հետ ապրում է մայրը՝ տարեց գյուղացի կին՝ շալերի մեջ փաթաթված։

Խոսք գնաց, իհարկե, Ղարաբաղի մասին, քանի որ նրանք այնտեղից էին։ Ես հիշեցի հայերի փաստարկները, որոնց հանդիպում եմ ինտերնետ ֆորումներում, այն մասին, որ պաշտոնական Բաքուն, չկարողանալով Ադրբեջանում արդար պետություն ստեղծել, որտեղ մարդիկ կարող են ապրել առանց իրենց ունեցվածքն ու ազատությունը կորցնելու վախի, Ղարաբաղը վերադարձնելու հարցում աշխարհից աջակցություն պահանջելու բարոյական իրավունք չունի։

Տարեց կինը, որն «այնտեղից է», ցածր ձայնով, կարծես՝ ինքն իրեն, ասաց․ «Եթե նրանք (հայերը – Ք․ Ա․) այդպես են ասում, ուրեմն ճիշտ են ասում․․․»։

Նրա խոսքերը երբեք չեմ մոռանա, դրանք դաջվել են գիտակցությանս մեջ։

Հայերը մեր հողերը գրավել են 1992-1994 թթ-ին։ Բայց նրանց այնտեղ հաստատվել օգնում է մեր իշխանությունը, որն ամեն ինչ անում է՝ քրիստոնյա Եվրոպան ու Ամերիկան խղճան իրենց հավատակիցներին ու սկզբունքորեն չցանկանան հողերը վերադարձնել Ադրբեջանին, որտեղ ծեծում, ձերբակալում, քննադատում են միայն այն պատճառով, որ մարդիկ չեն ցանկանում լքել իրենց օրինական տները։

«Խորհրդային»-ի բնակիչների բողոքի ցույցի պատճառով՝ ակտիվիստներին սկսեցին տներից տանել գիշերը, ինչպես 37-ին։ Նրանց հապճեպ ազատազրկման են դատապարտում։ Երիտասարդ տղաների՝ ուսանողների, բանվորների, որոնք դեռ նոր են սկսում իրենց կյանքը․ նրանց դժբախտացնում են, կործանում կյանքը, ծնողներին՝ սրտի կաթվածի հասցնում։

Միաժամանակ, ասես՝ բոլորովին այլ մոլորակում, մի քանի գեղեցկադեմ աղջիկներ չեն հոգնում իրենց ցուցադրել «գեղեցիկ կյանքի» ու «էլիտար մշակույթի» մասին շողոքորթ գովազդային հոլովակներում։

Իրականում, սակայն, այս երկուսն իրար շատ մոտ են գտնվում՝ նույն քաղաքում, անգամ նույն թաղամասում են։ Նրանք, ովքեր ցույց են տալիս իրենց կրունկների վրայի փայլուն քարերը, ոչ Աստված ունեն, ոչ խիղճ։ Նրանք շնիկներ են սիրում, այլ ոչ՝ մարդկանց։

Նրանց Ղարաբաղը պետք չէ, նրանք Փարիզ են գնում։ Աշխարհին ցույց տալով ադրբեջանցիների նկատմամբ իրենց անխիղճ վերաբերմունքը, ոտնատակ տալով մեր սերը հայրենիքի հանդեպ՝ նրանք մեզ թողնում են առանց Ղարաբաղի, առանց Ադրբեջանի։

Օրերից մի օր մեզ հենց այդպես էլ կասեն՝ դուք Ղարաբաղին արժանի չեք, քանի որ ի վիճակի չեք արդար պետություն ստեղծել, որտեղ մարդիկ ապրում են առանց վախի։

Օրերից մի օր մեզ կասեն՝ դուք արժանի չեք Ադրբեջանին․․․»

Լուսանկարը՝ azcongress.ru-ից