Մոտ երկու հարյուր վարդենիսցիներ այսօր առավոտյան հավաքվել են քաղապետարանի մոտ՝ բողոքելով քաղաքի ոստիկանապետ Վալերի Բաղյանի դեմ, ով, մարդկանց խոսքով, այդ պաշտոնում նշանակվելուց հետո բռնություններ է գործադրում քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է ակցիայի մասնակիցներից մեկը, ով չի ներկայացել։
«Գիշեր-ցերեկ մտնում են բոլորիս տները, խուզարկություններ անցկացնում, առանց պատճառի բերման են ենթարկում ու այս աբողջը մի պատճառով՝ ոսկու հանքանյութ են փնտրում», – նշել է մեր զրուցակիցը։
Ակցիայի մասնակիցները ընդգծել են, որ աշխատանքի բացակայության պայմաններում վարդենիսցիների հիմնական ապրուստի միջոցը Սոթքի ոսկու հանքից հանքաքար գողանալն է, և, այնուամենայնիվ, գիտակցելով իրենց արարքի բացասական կողմերը՝ «չղջիկները» (այսպես են անվանում հանքանյութի գողությամբ զբաղվողներին) նշում են, թե ստիպված են շարունակել ապրել նույն կենսակերպով։
«Հասկացանք, ղալաթ ենք անում, բայց ապրել պետք ա՞, մարդ ենք, չէ՞: Ինչի մեզ հաճելի ա՞ մահի բերանը գնալ, բայց ուրիշ ճար չունենք։ Թազա միլպետը սաղիս դիվադադար ա արել, մի անգամը հերիք չի, մի քանի անգամ մեկի տունը խուզարկում են, բռնում տանում, վախեցնում են, հետո էլ ասում են՝ «չբողոքեք» ու բաց են թողնում։ Մի խոսքով՝ միլպետը չարիքի նման նստել ա վզներիս։ Մե՞նք ենք մեղավոր՝ որ աշխատանք չկա, գործարանները կերան, սաղիս սարքին բոմժ, էսօր էլ բնությունից տվածն էլ խլել, տվել են օտարին, մեզ էլ սարքել են գող։ Պահանջում ենք աշխատատեղ ստեղծել, կամ էլ թող տոմս տան՝ Հայաստանից թողնենք գնանք», – եզրափակել է մեր զրուցակիցը։
Epress.am-ը զանգահարել է Վարդենիսի քաղաքապետարան՝ հարցնելով, թե ինչի մասին են զրուցել բողոքողները քաղաքապետի հետ։ Աշխատակազմի քարտուղար ներկայացած անձն ընդունել է բողոքի ակցիայի փաստը, սակայն նշել է, որ չգիտի՝ ինչու էին բողոքում մարդիկ, քանի որ զրույցին ներկա չի եղել։ Նա ասել է, որ քաղաքապետը տեղում չէ՝ խոստանալով ճշտել զրույցի մանրամասները և ավելի ուշ պատասխանել մեր հարցերին։