հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Վկան պատմում է՝ ինչպես են իրեն ծեծել ոստիկանները․ դատախազը հեգնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վկան պատմում է՝ ինչպես են իրեն ծեծել ոստիկանները․ դատախազը հեգնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2008 թվականի նոյեմբերին 15 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Հայրապետյանը դատարանում հայտարարել է, որ իր ցուցմունքում գրել է մեկ այլ մարդու անուն, քանի որ բազմիցս ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ (մեղադրող դատախազ Վ․Հովհաննիսյան), քննում է Անդրանիկ Գասպարյանի գործը։ Վերջինիս մեղադրում են այն բանի համար, որ նա 2008 թվականի հունվարին՝ նախնական համաձայնության գալով ընկերոջ` Արմեն Հայրապետյանի հետ, քաղաքացի Քրիստինե Մանուկյանին խաբեությամբ տեղափոխել է Երևան քաղաքի Էրեբունի այգեգործական ընկերություն տանող ճանապարհի չբնակեցված հատված, որտեղ երկուսով ավազակային հարձակմամբ հափշտակել են Մանուկյանին պատկանող ոսկյա զարդերը և բջջային հեռախոսը: Արմեն Հայրապետյանը 15 տարվա ազատազրկման է դատապարտվել Քրիստինե Մանուկյանին բռնաբարելու և սպանելու համար, այժմ դատարանը գործը քննում է Անդրանիկ Գասպարյանի մասով։

Մարտի 6-ին կայացած դատական նիստի ժամանակ Արմեն Հայրապետյանին հրավիրել ու հարցաքննել են որպես վկա։ Նա նշել է, որ նախաքննության ընթացքում և դատարանում տրված իր ցուցմունքները հակասում են իրար, քանի որ նախաքննության ընթացքում իրեն ոստիկանությունում ծեծել են՝ ստիպելով գրել, թե Անդրանիկն իր հետ է եղել սպանության ժամանակ։

Ինչպես նշում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը, մեղադրող դատախազը հեգնել է վկային, մասնավորապես, հարցնելով՝ «որ ծեծում էին, լա՞ց էիր լինում»։

Հայրապետյանը նշել է, որ ծեծի է ենթարկվել մի քանի անգամ․ «Այնքան են ծեծել, որ ուզեցել եմ ինքս ինձ անգամ վնասել, ոնց ուզել են տենց էլ արել են, մի խոսքով հասան նրան, որ ես ասել եմ ինչ ուզում եք գրեք, խփում էին ոտքերիս, պոչկեքիս… չեմ ունեցել պաշտպան, քննիչը ասեց. «Հիմա պաշտպան ա գալիս, հենց կգա կհրաժարվես պաշտպանից»:

«Ի պատասխան վկայի հայտարարությանը, որ ոստիկանները ամեն ինչի ընդունակ են, դրա համար վախից գրել է այն, ինչ պահանջել են, դատավորը հայտնել է, որ ինքը գիտի, որ ոստիկաններն ամեն ինչի ընդունակ են, դա պրակտիկայում ընդունված է, և, բացահայտ գնահատելով Հայրապետյանի ցուցմունքներն անարժանահավատ, հորդորեց վկային այնպիսի ցուցմունք տալ, որ իրականությանը մոտ լինի», – նշված է Հելսինկյան ասոցիացիայի կայքում:

Մանրամասները՝ տեսանյութում