Մարտի 9-ին Լոռու, Տավուշի, Արարատի, Կոտայքի և Շիրակի մարզերի մի շարք համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Գյուղերի մեծ մասում ընտրությունները մրցակցային չէին․ երկրորդ թեկնածուները գրանցվելուց հետո իրենց թեկնածությունը հանել էին և համայնքներից շատերում միայն մեկ թեկնածու էր մնացել՝ հաճախ ՀՀԿ-ական։
Ըդամենը 1 համայնքում ղեկավարի 4 թեկնածու է առաջադրված եղել՝ Լոռու մարզի Լեռնավան գյուղում։ Այստեղ, ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների, 502 ձայն է հավաքել ու հաղթել է Վաչագան Վարդանյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն՝ Ռազմիկ Գրիգորյանը, 209 ձայն է ստացել։ Եվս 3 համայնքում համայնքի ղեկավարի 3 թեկնածու է եղել, մյուս բոլոր համայնքներում՝ կամ 2, կամ 1։
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ընտրությունների ընթացքի դիտարկում է կազմակերպել և մի շարք համայնքներում խախտումներ է արձանագրել։
Ըստ նախաձեռնության, առավել մեծ թվով են եղել խախտումներն Արարատի մարզում։ 10-ական խախտում է արձանագրվել Նիզամի և Զորակ համայններում։
Համաձայն դիտորդների, Նիզամիում, մասնավորապես, գրանցվել է ընտրողների ուղղորդում, կուտակում ընտրատեղամասերի մոտ, բացի դա, ընտրատեղամասի մոտ կուտակված են եղել ոչ լիազորված անձինք, ովքեր հայհոյել և ահաբեկել են դիտորդ Լալա Ասլիկյանին, և նրանցից ոմանք ներկայացել են որպես ՀՀԿ անդամներ:
Ուշագրավ է, որ, ըստ ԿԸՀ տվյալների, Նիզամիում հաղթել է անկուսակցական Հարութին Կարապետյանը՝ հավաքելով 254 ձայն։ Գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Արտավազդ Դունոյանը հավաքել է 214 ձայն, իսկ ԲՀԿ-ական Գարլեն Բաբայանը՝ 132։
Զորակ գյուղում գրանցվել են հետևյալ խախտումները․ ընտրողը փորձել է ուրիշի անձնագրով քվեարկել, և թեև նրան թույլ չեն տվել քվեարկել, վերջինս անարգել հերացել է տեղամասից, իսկ հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագարություն կազմել, ընտրողի անվան դիմաց արդեն ստորագրված է եղել, և ընտրողը հեռացել է առանց քվեարկելու, հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագարություն կազմել առ այն, որ ընտրողը փորձել է ուրիշի անձնագրով քվեարկել։
Զորակում հաղթել է ՀՀԿ-ական Մանուկ Մալոյանը, ով, պաշտոնական արդյունքներով, ստացել է 531 ձայն։ Նրա մրցակիցը՝ Էդուարդ Հարությունյանը հավաքել է 262 ձայն։