Home / Հայաստան / ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի մոտեցումների մեջ տեսանելի տարբերություններ կան, ասել է Ծառուկյանի խոսնակը

ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի մոտեցումների մեջ տեսանելի տարբերություններ կան, ասել է Ծառուկյանի խոսնակը

Ակնհայտ է, որ այս պահին ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև գոյություն ունեն մոտեցումների և հարցերի լուծման վերաբերյալ տեսանելի տարբերություններ։ Այս մասին ասված է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի տարածած հաղորդագրության մեջ։

Տոնոյանը նշել է, թե ԲՀԿ-ն գտնում է, որ կուսակցության քայլերը «պետք է համահունչ լինեն ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի ելույթին և ժողովրդի պահանջներին»:

«ԲՀԿ-ի մոտեցումների հիմքում առաջին հերթին ընկած է կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության անընդունելիությունը, որի արդյունքում ձևավորվել է այսօրվա իրականությունը», – ասված է երեկ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչների հանդիպումից հետո տարածած հաղորդագրության մեջ:

Երեկ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հանդիպումն արդյունավետ էր գնահատել՝ նշելով, որ իրենք ներկայացրել են իրադարձությունների հետագա զարգացումների իրենց տեսլականը։

«Մենք մեր տեսակետը չենք թաքցրել՝ երկիրը գտնվում է խորը ճգնաժամի մեջ, և միակ լուծումը Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումն է, ինչպես նաև երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչի արդյունքում էլ պետք է ձևավորվի լեգիտիմ իշխանություն, որը կլինի հաշվետու ժողովրդի առաջ», – ասել էր Զուրաբյանը։