Home / Հայաստան / Բրուցելոզով հիվանդ Ձորաղբյուրի բնակիչն առողջացել է․ մասնագետները շարունակում են հետազոտությունները

Բրուցելոզով հիվանդ Ձորաղբյուրի բնակիչն առողջացել է․ մասնագետները շարունակում են հետազոտությունները

Առողջապահության նախարարության մասնագետները համաճարակաբանական հետազոտություն են կազմակերպել Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի 17 տնտեսություններում։ Պատճառը մարտի 3-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից ստացված տեղեկատվությունն է, համաձայն որի Ձորաղբյուրի համայնքի առանձին բնակիչների տնտեսություններում (թվով 17) արձանագրվել է խոշոր եղջերավոր կենդանիների բրուցելոզ հիվանդության դեպքեր (թվով 36 գլուխ՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքում):

Առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացվել է գրեթե 77 անձի արյան նմուշառում, ովքեր շփվել են հիվանդ կենդանիների հետ և նրանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն:

Համաձայն նախարարության հաղորդագրության, արձանագրվել է բրուցելոզով մեկ հիվանդ, որի տնտեսությունում եղել է հիվանդ կով և սպանդի է ենթարկվել:

«Հիվանդն առողջացումով դուրս է գրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստանալուց հետո: Լաբորատոր հետազոտությունները շարունակվում են, մյուս անձանց վերջնական ախտորոշումը պարզ կլինի կրկնակի հետազոտությունների արդյունքում», – նշված է հաղորդագրության մեջ: