Home / Հայաստան / Մոսկվայի դատարանը «Նաիրիտ» գործարանին պարտադրել է 25 միլիոն դոլար վճարել

Մոսկվայի դատարանը «Նաիրիտ» գործարանին պարտադրել է 25 միլիոն դոլար վճարել

Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել է Միջպետական բանկի հայցը` հայկական «Նաիրիտ» քիմիական գործարանից 25,183 միլիոն դոլար բռնագանձելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Rapsinews գործակալությունը։

Պատասխանող կողմը՝ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ն, հանդես է եկել որպես բանկի կողմից ընկերության սեփականատեր Rhinoville Property Limited-ին տրամադրված վարկի երաշխավոր։ Մոսկվայի արբիտրաժային դատարանը հունվարին բավարարել էր Միջպետական բանկի հայցը Rhinoville Property Limited ընկերությունից 107,95 միլիոն դոլար բռնագանձելու վերաբերյալ։

Մասնավորապես, դատարանը պարտավորեցրել էր գանձել 68.6 միլիոն դոլար հիմնական պարտքը, ինչպես նաև տոկոսներ ու վարկային տուգանքներ:

Երեքշաբթի կայացած դատական նիստի ժամանակ նշվել է, որ «Նաիրիտի»՝ որպես երաժխավորի դեմ հայց էր ներկայացվել 16,763 միլիոն դոլարի չափով տոկոսների ու 8,419 միլիոն դոլարի չափով տուգանքի վճարման վերաբերյալ։ Բանկի ներկայացուցչի խոսքով՝ Rhinoville Property Limited ընկերությունը դադարել է վարկի տոկոսները վճարել 2010 թվականի հունվարից։ 2006 թվականին բանկը Rhinoville Property Limited-ի համար 70 միլիոն դոլարի չափով վարկ էր ձևակերպել։

Rapsinews-ը նաև հայտնել է, որ դատական նիստն անցել է առանց պատասխանող կողմի ներկայացուցչի մասնակցության, որը, սակայն, պատշաճ կերպով տեղեկացվել էր նիստի մասին։