Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրվող Հարություն Սարգսյանի դեպքին փետրվարի 27-ին անդրադարձ է արվել ԱՄՆ Պետդեպի մարդու իրավունքների 2013 թվականի զեկույցում։ Հարություն Սարգսյանը երեկ դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։
Սարգսյանի գործին անդրադարձ կատարելով՝ ԱՄՆ Պետդեպը, մասնավորապես, ընդգծել էր խոշտանգումների փաստի առկայությունը։
«2013 թվականի սեպտեմբերի 13-ին լրատվամիջոցներում հաղորդում եղավ այն մասին, որ վերաքննիչ դատարանը հանձնարարել է իրավապահ մարմիններին քննել ոստիկանության կողմից 2012թ. Գյումրու նախկին քաղաքապետի դստեր փեսացու Կարեն Եսայանի մեծ հնչեղություն ստացած սպանության գործով կասկածյալ Հարություն Սարգսյանին խոշտանգումների ենթարկելու մասին պնդումները:
Ըստ Սարգսյանի հոր՝ Գյումրու ոստիկանությունը՝ մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանի ղեկավարության ներքո, խոշտանգումների է ենթարկել իր որդուն՝ խոստովանություն կորզելու նպատակով և ոչ իրավաչափ վերաբերմունքը նրա հանդեպ շարունակվել է Երեւանի ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայր փոխադրելուց հետո: Սարգսյանի հայրը հավաստիացնում էր, որ ոստիկանությունում այնպես են ծեծել Սարգսյանին, որ այտուցների պատճառով նրա ոտքերը կոշիկների մեջ չեն տեղավորվել։ Նա ստացել է բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ ոսկորի կոտրվածք ականջի վերնամասում: Չնայած հնչեցված վնասվածքների մասին գրառում կալանավայրում չկար, սակայն Սարգսյանը բռնությունների մասին այս պնդումը կրկնեց դատարանում: Երևանում ոտնձգություններ կատարածներից մեկը, ըստ հաղորդումների, ներկայացել է տուժողին որպես ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, մի պաշտոն, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Աշոտ Կարապետյանը (ներկայումս՝ Երևանի ոստիկանապետ – խմբ․)», – նշված է եղել Պետդեպի զեկույցում։
Լուսանկարը՝ Asparez.am