Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակի պատվիրակ Սառա Էպրեխտը այսօր երեք նամակ է հանձնել շուրջ ութ ամիս Ադրբեջանում գերության մեջ գտնվող զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքին, ինչպես նաև հայտնել է, որ տղայի հետ ամեն ինչ նորմալ է։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը։
Հակոբի մասին հարազատները վերջին տեղեկությունը ստացել էին 2013 թվականի նոյեմբերի 25-ին: Այսօր Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ-ի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրել է, որ մարտի 12-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող Հայաստանի յոթ քաղաքացիներին՝ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին, մարտի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանը հատած քաղաքացիական անձ Արսեն Խոջոյանին և հինգ հոգանոց ընտանիքին: Նրանք գերիների հետ նամակներով են փոխանակվել:
Հարություն Ինջիղուլյանի խոսքով՝ Հակոբը պատվիրակներին պատմել է, որ որոշ ժամանակ առաջ իրեն այցելել են ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները, ինչի վերաբերյալ, սակայն, Կարմիր խաչը ծնողներին տեղեկություն չի տրամադրել։
«Հակոբի նամակի բովանդակությունը կրկին նույնն է, որ ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չունի, միայն խնդրում է որոշ ժամանակ էլ սպասել ու ամեն ինչ լավ է լինելու։ Մենք երեք նամակ էինք ուղարկել՝ մորս, քրոջս ու պապիկիս կողմից, Հակոբը երեքին էլ առանձին պատասխանել է ու շեշտել, որ ամենաշատը նեղվում է կարոտից՝ «հաստատ իմացեք, որ կարոտը քիչ է տևելու ու որոշ ժամանակ հետո կանցնի»։
Մարտի 10-ին քրոջս ծնունդն էր, Հակոբը շնորհավորել էր ու ափսոսանք հայտնել, որ ուրախ պահին կողքին չի եղել», – նշել է Հարություն Ինջիղուլյանը:
Վերջինս վստահեցրել է, որ իրենք չափազանց ոգևորված են հուսադրող նամակներից և հավատում են, որ Հակոբի վերադարձի լուրը շատ չի ուշանա։
Նշենք, որ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը օգոստոսի 7-ի՝ լույս 8-ի գիշերը ծառայությունն իրականացնելու ընթացքում տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը և հայտնվել հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: