Այսօր Անդրանիկ Գասպարյանի գործով դատական նիստը հետաձգվել է մեղադրող դատախազ Վ․Հովհաննիսյանի բացակայության պատճառով։ Առավոտյան ժամը 10:30-ից ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ժողովի է հրավիրել բոլոր համայնքային դատախազներին, և Հովհաննիսյանը ստիպված է եղել բացակայել դատական նիստից:
Ինչպես Epress.am-ին պատմել է Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Էդուարդ Դանիելյանը, այսօր դատարանում կարգադրիչը նախ երկար ժամանակ իրեն հարցաքննել է՝ ով է, որտեղից է, ուր է գնում, ապա, տեղյակ լինելով, թե դատական նիստը չի կայանալու, դիտորդին չի զգուշացրել այդ մասին։ Նշենք, որ բաց դատական նիստին ներկա գտնվելը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է։
Անդարանիկ Գասպարյանի գործը սկանդալային ընթացք է ստացել։ Նախորդ նիստի ժամանակ 2008 թվականի նոյեմբերին 15 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Հայրապետյանը հայտարարել է, թե ստիպված է իր ցուցմունքում որպես հանցագործության մասնակից նշել Գասպարյանի անունը, քանի որ իրենց դաժան ծեծի են ենթարկել ոստիկանությունում։
Մեղադրող դատախազը հեգնել է վկային, մասնավորապես, հարցնելով՝ «որ ծեծում էին, լա՞ց էիր լինում»։
Ինչպես պատմել են Հելսինկյան ասոցիացիայի դիտորդները, դատավորը ևս հարց էր ուղղել վկային, մասնավորապես, ասելով. «Հիմա, որ Ձեզ ասեին` հոկտեմբերի 27-ի դեպքերը վիզ վերցրա, կվերցնեի՞ր»։
«Կարող ա էնքան ծեծեին, վիզ վերցնեի», – ասել էր Հայրապետյանը:
Նշենք, որ Գասպարյանին մեղադրում են այն բանի համար, որ նա 2008 թվականի հունվարին՝ նախնական համաձայնության գալով ընկերոջ` Արմեն Հայրապետյանի հետ, քաղաքացի Քրիստինե Մանուկյանին խաբեությամբ տեղափոխել է Երևան քաղաքի Էրեբունի այգեգործական ընկերություն տանող ճանապարհի չբնակեցված հատված, որտեղ երկուսով ավազակային հարձակմամբ հափշտակել են Մանուկյանին պատկանող ոսկյա զարդերը և բջջային հեռախոսը: Արմեն Հայրապետյանը 15 տարվա ազատազրկման է դատապարտվել Քրիստինե Մանուկյանին բռնաբարելու և սպանելու համար, այժմ դատարանը գործը քննում է Անդրանիկ Գասպարյանի մասով։