Արագածոտնի մարզի 7 համայնքների բնակիչներ, ովքեր բողոքում են Կարբի և Օհանավան գյուղերի մոտ նոր ՀԷԿ-ի շինարարության դեմ, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին հանդիպելու ակնկալիքով այսօր առավոտից հավաքվել են Օհանավան գյուղի կենտրոնում, սակայն մի քանի ժամ սպասելուց հետո տեղեկացել են, որ հանդիպումը չի կայանալու։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում պատմել է Ուշի գյուղի բնակիչ Լենա Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ իրենց խոստացել էին, որ փոխվարչապետը գալու է անձամբ գյուղացիներին հանդիպելու ու խնդրին ծանոթանալու նպատակով, սակայն ժամեր անց Օհանավանի գյուղապետը տեղեկացրել է, որ Գևորգյանը մի քանի օր անց կայցելի իրենց համայնք, գյուղացիները վրդովված հեռացել են։
Բնապահպան ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը, ով մասնակցել է գյուղացիների հավաքին, մեր թղթակցին տեղեկացրել է, որ անակնկալի եկած գյուղացիները, իրենց խաբված զգալով, սկզբում փակել են Ուշի և Օհանավան տանող ավտոճանապարհը, իսկ ավելի ուշ աստիճանաբար ցրվել են։
«Իրենք եկել էին հանդիպելու, իսկ գյուղապետն ասաց, որ հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ, ինչպես նաև նշեց, որ ինքը ուզում է հանդիպման ժամանակ 15-20 հոգով հանդիպեն, այլ ոչ թե մեծ զանգվածով, դա ավելի վրդովեցրեց հավաքվածներին։ Նրանք պնդեցին, որ իրենք բոլորն են մասնակցելու հանդիպմանը, ինչից հետո ակցիան ավարտվեց», – նշել է մեր զրուցակիցը։
Գյուղացիները նաև պնդել են, որ հաջողության չհասնելու դեպքում ակցիաները շարունակելու են Երևանում։
Հիշեցնենք, որ մարտի 6-ին հարյուրավոր գյուղացիներ մի քանի ժամ փակել էին Օհանավան-ՈՒշի ավտոճանապարը և պահանջել դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը, որի պատճառով, իրենց պդմամբ, իրենք զրկվելու են ոռոգման ջրից։ Նրանք նշում են, որ Ապարանի ջրամբարից ՀԷԿ-ն այնքան ջուր է վերցնելու, որ իրենց այգիները ցամաքելու են։ Ակցիայի արդյունքում այդ շինտեխնիկան դուրս էր բերվել շինհրապարակից։