Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արգելել է գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող երկու ընկերությունների համակենտրոնացումը։
Համակենտրոնացման նպատակով ՏՄՊՊՀ էր դիմել շվեյցարական «Հելվելեքս» ընկերությունը՝ տեղեկացնելով, որ ցանկանում է ձեռք բերել «Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյան» ընկերությանը պատկանող 100 տոկոս բաժնեմասը և խնդրում է Հանձնաժողովի թույլտվությունը գործարքը կատարելու համար:
«Ուսումնասիրության ժամանակ Հանձնաժողովը պարզել է, որ «Հելվելեքս» ընկերության ամբողջ կապիտալը կազմում է ընդամենը 50 հազար շվեցարական ֆրանկ, սակայն ընկերությունը ցանկանում է 22 մլն շվեյցարական ֆրանկով ձեռք բերել հայկական ընկերությունը: Ի պատասխան Հանձնաժողովի հարցադրումների, թե շվեցարական ընկերությունը չունենալով միջոցներ ում հաշվին է ձեռք բերում հայկական ընկերությունը, տնտեսվարողները հրաժարվել են որևէ տեղեկատվություն ներկայացնել: Հանձնաժողովի դիտարկմամբ, այս գործարքը խնդրահարույց է. տնտեսվարողները չեն ցանկանում բացահայտել իրական շահառուին և չի բացառվում որ գործարքը կեղծ է», – նշված է Հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
ՏՄՊՊՀ-ն իր այսօրվա նիստում որոշվել է արգելել համակենտրոնացումը:
Հանձնաժողովը նշում է, որ իր նպատակն է թույլ չտալ նույն ոլորտում գործող տարբեր ընկերությունների՝ միավորումների միջոցով չհիմնավորված խոշորացումը և գերիշխող դիրքի ամրապնդումը:
Նշենք, որ Հայաստանի կոնյակի արտադրության շուկայում խոշորագույն ընկերություններն են ֆրանսիական «Պեռնո Ռիկարը», որին պատկանում է Երևանի կոնյակի գործարանը, և Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը, որը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին։