Ռուսաստանյան «Ռոսկոմնադզորը» (Կապի, ՏՏ և զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայություն) երկրի Գլխավոր դատախազության հրամանով արգելված տեղեկատվությամբ կայքերի ռեեստրում ընդգրկել է Grani.ru, Kasparov.ru, EJ.ru կայքերը, ինչպես նաև Ալեքսեյ Նավալնու էջը Livejournal.com-ում, հայտնում է BBC-ն։
«Ռոսկոմնադզորի» հայտարարության մեջ ասված է, որ այս կայքերը «չարտոնված զանգվածային միջոցառումների կոչեր» էին տարածում, իսկ Ալեքսեյ Նավալնու՝ Livejournal.com-ի էջի շահագործումը խախտում է նրա տնային կալանքի մասին դրույթը․ «Տվյալ էջի գործունեությունը խախտում է քաղաքացու հանդեպ խափանման միջոցի ընտրության մասին դատարանի որոշման դրույթը»։
Կապի օպերատորներին հրամայվել է անհապաղ սահմանափակել մատչումը դեպի նշված ռեսուրսներ։ Այս մասին հայտարարությունը «Ռոսկոմնադզորի» կայքում հրապարակվել է հինգշաբթի։
Հինգշաբթի երեկոյան այս ռեսուրսների արգելափակման մասին հայտնել են ռուսաստանցի մի շարք օգտատերեր։ Հայտարարություններ են ստացվել այն մասին, թե որոշ խոշոր պրովայդերներ արգելափակել են նաև «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքը, քանի որ այդտեղ առկա են գրառումներ Նավալնու էջից։
Փետրվարի 1-ից Ռուսաստանում փոփոխություններ են մտցվել «Տեղեկատվության մասին» օրենքում, համաձայն որոնց՝ «Ռոսկոմնադզորը», առանց դատարանի որոշմանը սպասելու, կարող է արգելափակել անօրինական գործողությունների կոչերի տարածումը։
Կայքի արգելափակման համար բավական է գլխավոր դատախազի կան նրա տեղակալների դիմումը։ Կայքն արգելափակված կմնա այնքան ժամանակ, քանի դեռ սեփականատերը չի հեռացրել արգելված բովանդակությունը։
Արգելափակման պատճառների թվում նշվում են ծայրահեղականությունը, ահաբեկչությունը, էթնիկ ու կրոնական հիմքերով ատելության հրահրումն ու զանգվածային անկարգությունները։