Այսօր ժամը 12։00-ին «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության և «Հեծանիվ պլյուս» ՀԿ-ի համատեղ իրականացվող իրազեկման ակցիան մեկնարկել է Ազատության հրապարակից։
Հեծանիվներով ակցիայի նպատակը քաղաքացիներին մարտի 22-ին ժամը 14։00-ին Ազատության հրապարակում ընդդեմ կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի կայանալիք հավաք-երթի մասին իրազեկելն է։
Ակցիայի մասնակիցները հեծանիվներով, դրոշներով և թռուցիկներով հավաքվել են հրապարակում, ապա մի քանի պտույտ կատարել Օպերայի տարածքում, ինչից հետո դուրս են եկել երթի։
Epress.am-ի հետ զրույցում մասնակիցներից մեկը՝ Արտակ Հայրապետյանը, նշել է, որ հեծանիվներով երթը, ակցիայի բուն նպատակից բացի, բնապահպանական նշանակություն ունի՝ «այն նաև առողջ ապրելակերպ է» քարոզում։
Ակտիվիստների պնդմամբ՝ հետագա անելիքների մասին կխոսեն միայն մարտի 22-ի հանրահավաքից հետո, իսկ ներկա պահին շարունակելու են պայքարը «հակապետական ու հակահայկական օրենքի դեմ»։
Նշենք, որ իրազեկման երթը անցնելու է Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներով դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետ Մաշտոցի պողոտայով՝ Ազատության հրապարակ: