Ղրիմի Ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի՝ 2014 թվականի մարտի 17-ին կայացած արտահերթ լիագումար նիստի ժամանակ ընդունվել է «Ղրիմի անկախության մասին» բանաձև։ Դրա օգտին քվեարկել է 85 պատգամավոր։ Այս մասին ասված է Ղրիմի Գերագույն խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ընդունված փաստաթղթում նշվում է, որ «Ղրիմի Ինքնավար հանրապետության Գերագույն խորհուրդը, ելնելով 2014 թվականի մարտի 16-ին կայացած հանրաքվեի արդյունքներից, համաձայն որոնց՝ Ղրիմի ժողովուրդը հանդես է եկել Ռուսաստանի կազմի մեջ մտնելու, ու, հետևաբար, Ուկրաինայի կազմից դուրս գալու, անկախ պետություն ստեղծելու օգտին, առաջնորդվելով Ղրիմի հանրապետության անկախության հռչակագրով, որն ընդունվել է Ղրիմի Ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի՝ 2014 թվականի մարտի 11-ին կայացած արտահերթ լիագումար նիստի ու Սևաստոպոլի քաղաքային խորհրդի՝ 2014 թվականի մարտի 11-ին կայացած արտահերթ լիագումար նիստի արդյունքում, որոշել է․ Ղրիմը հռչակել անկախ ինքնավար հանրապետություն՝ Ղրիմի Հանրապետություն, որտեղ Սևաստոպոլ քաղաքը հատուկ կարգավիճակ ունի»։
Ինչպես հայտնում է «Դոժդ» հեռուստաալիքը, Ղրիմի իշխանությունները դիմել են Ռուսաստանի իշխանություններին՝ խնդրելով իրենց մտցնել ՌԴ կազմի մեջ։ Պատգամավորները մտադիր են Ղրիմի խորհրդարանը վերանվանել Ղրիմի հանրապետության Պետական խորհրդի։ Ղրիմում նաև հայտարարել են, որ պաշտոնապես մոսկովյան ժամանակին կանցնեն մարտի 30-ին։
ՌԴ պետդուման Ղրիմի վերաբերյալ նախագիծը կդիտարկի մարտի 18-ին։
Լուսանկարը՝ ntv.ru-ի