Home / Հայաստան / Եվրոպական չինովնիկները լավ հասկանում են Հայաստանի դիրքորոշումը, վստահ է Տիգրան Սարգսյանը

Եվրոպական չինովնիկները լավ հասկանում են Հայաստանի դիրքորոշումը, վստահ է Տիգրան Սարգսյանը

Մարտի 20-ին Բրյուսելում Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կլոր սեղան հանդիպում է կազմակերպել: Եվրոպացի պաշտոնյաները Սարգսյանին հիմնականում հարցեր էին ուղղում ԵՄ-Հայաստան տապալված բանակցությունների, և ՄՄ կազմում Հայաստանի ապագայի հեռանկարների մասին, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ի պատասխան Տիգրան Սարգսյանի այն փաստարկին, թե Եվրամիությունը Հայաստանին դրեց «կամ-կամ» ընտրության առջև, այլընտրանք չթողնելով, եվրոպացի պաշտոնյաները կրկին անգամ նշեցին, որ Հայաստանի հետ բանակցությունները սկսվել են առանց Մաքսային միության մասին խոսակցությունների և հստակ է եղել, որ Ասոցացման ու խորը և համապարփակ առևտրի համաձայնագրերը մեկ փաթեթ են կազմում, հնարավոր չէ դրանք տարանջատել:

Հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանը նորոգում ԵՄ հետ հարաբերությունները` անվստահելի գործընկերոջ համբավ ձեռք բերելուց հետո, ասել է. «Այս պահի դրությամբ մատնանշվում է նոր ուղղություն, որ կարելի է առանձին ունենալ մի մեծ քաղաքական համաձայնագիր Հայաստանի և Եվրամիության միջև, և այդ ուղղությամբ էլ մենք աշխատանք ենք տանում եվրոպական մեր գործընկերների հետ: Եվ չափազանց կարևոր է, որ բոլոր մեր եվրոպական ընկերները շատ լավ հասկանում են Հայաստանի դիրքորոշումը, Հայաստանի որոշումների հիմնավորվածությունը, փաստարկները և այդ ամեն ինչը կիսում են մեզ հետ»:

Ռադիոկայանի թղթակիցը վարչապետին նաև հարցրել է՝ արդյոք սա հետքայլ չէ գրեթե 4 տարի տևած Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններից հետո:

«Ոչ, որովհետև նոր համաձայնագիրը հաշվի է առնում նախորդ համաձայնագրերի իրականացման արդյունքում արդեն արձանագրված հաջողությունները և այն ծրագրերը, որտեղ մենք արդեն լրջագույն հիմքեր ենք ստեղծել և ինստիտուտներ ենք ստեղծել այդ տեխնիկական և ֆինանսական օժանդակության ներքո: Դրա հիման վրա նոր ռազմավարություն է մշակվում՝ ինչպես ընդլայնել և խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ, և այդտեղ մենք ունենք լիակատար փոխըմբռնում», – արձագանքել է Տիգրան Սարգսյանը: