Սևան քաղաքի մանկապարտեզների աշխատողները դեռ 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձը չեն ստացել, իսկ հունվար և փետրվար ամիսներին էլ չեն աշխատել, որովհետև նրանց ստիպել են դիմում գրել ու իրենց հաշվին արձակուրդ վերցնել։ Այս մասին «Հրապարակ» օրաթերթին պատմել են քաղաքի բնակիչները։
Թերթը նշում է, որ Սևանի մանկապարտեզների հունվար, փետրվար ամիսներին չաշխատելու պատճառը ոչ ջեռուցումն է, ոչ էլ շենքային պայմանները։
Ի տարբերություն Հրազդան քաղաքի, որտեղ մանկապարտեզները փայտի վառարաններով են տաքացվում, շենքային պայմաններն էլ անմխիթար են, Սևանում, հակառակը՝ բոլոր մանկապարտեզներն ունեն լոկալ ջեռուցում ու վերանորոգված են։ Այստեղ կարծում են, որ չաշխատելու պատճառը ֆինանսների խնայողությունն է։
Մարտի 3-ին Սևանի համայնքի ղեկավար Ռուդիկ Ղուկասյանը խոստացել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում կլուծի աշխատավարձերի հարցը, սակայն մինչև հիմա 3 տասնյակից ավելի աշխատակիցները գումար չեն ստացել։ Նրանց դարձյալ խոստացել են՝ «մինչև ամսվա վերջ աշխատավարձերը կվճարենք»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում