Երբ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը գա իշխանության, առաջին գործերից մեկը լինելու է համալսարանների կարգավիճակի վերափոխումը ՊՈԱԿ-ներից անկախ հիմնադրամների։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «Կրթության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Նա նշել է, որ ՀԱԿ-ը պատրաստվում է նաև վերականգնել բուհերում ինքնակառավարման իրավունքը, քանի որ այսօր կրթական համակարգում տոտալիտարիզմ և միակուսակցականություն է տիրում։
Զուրաբյանն ասել է, որ ՀՀԿ-ականները մեծ ջանքեր են գործադրում հանրակրթական համակարգի տոտալ վերահսկողության համար, քանի որ դա նրանց օգնում է կազմակերպել ընտրությունների կեղծիքները։ Ըստ պատգամավորի, մասնավորապես, բուհերում վերահսկողության նպատակն է քաղաքական պայքարից հետ պահել «ընդվզման ամենամեծ պոտենցիալ ունեցող ուսանողությանը»։
Իր ելույթում Կրթության և գիտության ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ համաձայն չէ այն տեսակետի հետ, թե բուհերը քաղաքականացվում են։ Նա նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի կազմում 200 մարդ կա, որոնցից 20-ը կրթական համակարգում պաշտոններ են զբաղեցնում՝ ռեկտորներ, դեկաններ, ամբիոնի վարիչներ։
«Տղերք, եթե քաղաքականացրել ենք, քաղաքականացրել ենք միասին։ Եթե չենք քաղաքականացրել, ուրեմն չենք քաղաքականացրել ոչ մեկս», – հայտարարել է Աշոտյանը։