Home / Հայաստան / ԵՄ-ն Հայաստանին կոչ է անում քննել 2008-ի մահվան դեպքերը և ապահովել բազմակարծությունը ԶԼՄ-ներում

ԵՄ-ն Հայաստանին կոչ է անում քննել 2008-ի մահվան դեպքերը և ապահովել բազմակարծությունը ԶԼՄ-ներում

ԵՄ տարեկան զեկույցը Հարևանության քաղաքականության (ՀՔ) իրականացման մասին խառը պատկեր է ներկայացնում: Թեև որոշ գործընկեր երկրների համար 2013 թվականը ճգնաժամային էր, նպաստում էր քաղաքական անկայունությանը և բարդ սոցիալ-տնտեսական պայմանների ստեղծմանը, ԵՄ-ն շարունակում էր տրամադրել ժողովրդավարական կառավարմանը, անվտանգության ամրապնդմանն ու կայուն և համակողմանի զարգացման խթանմանն ուղղված իր աջակցությունը: Այս մասին ասված է Եվրոպական հանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

«ԵՀՔ արևելյան երկրներում, մասնավորապես Ուկրաինայում, ակնթարթային փոփոխություններ եղան, ԵՄ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման նպատակներով դրդված բնակչության մասայական բողոքներով (այսպես կոչված` «Եվրամայդանում»): 2014թ-ի մարտի 5-ին, Հանձնաժողովը հայտարարել է միջոցառումների փաթեթի տրամադրման մասին, որն ընդգրկում է 11 միլիարդ եվրո ֆինանսական բազմամյա աջակցություն: 2014թ-ի մարտի 21-ին, Բրյուսելում, ստորագրվել է ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաժինը: Մոլդովան և Վրաստանը առաջընթաց են արձանագրել քաղաքական և դատաիրավական բարեփոխումներում և պատրաստվել Ասոցացման համաձայնագրերի իրականացմանը: Վրաստանի 2013թ-ի աշնան ընտրությունները արձանագրել են իշխանության երկրորդ ժողովրդավարական փոփոխությունը: Հայաստանը շարունակել է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումները, սակայն որոշել է հետաձգել Ասոցացման համաձայնագրի, այդ թվում` Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտիների համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները: Ադրբեջանը շարունակել է անլուրջ վերաբերվել հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդման կոչերին: Բելառուսը քաղաքական բարեփոխումներում որևէ առաջընթաց չի գրանցել», – նշում են տարեկան զեկույցի հեղինակները:

Եվրոպացի չինովնիկները նշում են, որ Հայաստանն իրականացրել է ԵՀՔ-ի առաջընթացի զեկույցում ընդգրկված կարևորագույն հանձնարարականներից մի քանիսը: Մասնավորապես, ընդունվել է օրենք տղամարդկանց ու կանանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասին, սակայն բողոքների ընդունման մեխանիզմը դեռևս թերի է: Պետական կառավարման և դատաիրավական համակարգերում բարեփոխումների հետ կապված զարգացումները աննշան են: Այնուամենայնիվ, ընդգծվում է, աշխատանքներ են նախաձեռնվել ընտրական օրենսդրության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ բարեփոխումների իրականացման նպատակով:

Տարեկան զեկույցի հիման վրա և ԵՀՔ-ի 2014 թվականի գործողությունների պլանի կայուն իրականացման նպատակով՝ ԵՄ-ն Հայաստանի Հանրապետությանը կոչ է անում.

– Համագործակցել և պաշտպանել քաղաքացիական հասարակությանը, քննել մարդու իրավունքների պաշտպանների վրա հարձակումների և ահաբեկման գործերը, երաշխավորել ոճրագործների հանդեպ արդարադատության կիրառումը.

– Իրականացնել ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) հանձնարարականները, մասնավորապես, երաշխավորել հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար և խուսափել ընտրական նպատակներով վարչական ռեսուրսների օգտագործումից: Բացի դա, հեռարձակող լրատվական միջոցներում ապահովել պլուրալիզմը.

– Լիովին հետաքննել 2008 թվականի մարտի նախագահական ընտրություններից հետո բախումների ընթացքում տեղի ունեցած մահվան դեպքերը, ոստիկանության խցերում դաժան վերաբերմունքի վերաբերյալ հայտարարությունները.

– Վերջնական տեսքի բերել Խղճի և կրոնական ազատությունների մասին օրենքի նախագիծը.

– Երաշխավորել խտրականության դեմ սկզբունքի հանդեպ հարգանքը և ընդունել խտրականության դեմ համապարփակ օրենսդրություն.

– Շարունակել պետական կառավարման վերաբերյալ բարեփոխումը, հատկապես ուժեղացնել կոռուպցիայի կանխարգելման միջոցառումները և կոռուպցիայի դեմ պայքարը.

– Արագացնել դատաիրավական համակարգի բարեփոխումը.

– Խթանել կառավարման բարեփոխումների իրականացման գործընթացը.

– Աշխատել Մեծամորի ատոմակայանի հնարավորինս վաղ փակման ուղղությամբ, ինչպես նաև արագացնել էներգաարդյունա-վետության ծրագրի իրականացման գործընթացը, հասնել վերականգնվող աղբյուրներից 30% էներգիայի արտադրման թիրախին.

– Որպես խաղաղության հիմք` քայլեր ձեռնարկել Մադրիդյան սկզբունքների մասին համաձայնագրի ուղղությամբ` Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստանձնած պարտավորություններին համապատասխան: Զերծ մնալ այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որ կարող են ավելացնել լարվածությունը և խոչընդոտել խաղաղ կարգավորման գործընթացը.

– Խթանել հակամարտության կարգավորման առաջընթացի համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը, խրախուսել և օժանդակել խաղաղության հաստատման հարակից գործողությունների իրականացմանը.

– Երաշխավորել ԵՄ-ի ներկայացուցիչների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ՝ հակամարտության վերափոխման գործողություններին սատարելու նպատակով, Մինսկի խմբի աշխատանքները լիովին փոխլրացնելու կարգով: