Տավուշի մարզի Չինարի գյուղում երեկվա հրետակոծություններց հետո մարդկային կորուստներ չկան, վնասները միայն նյութական են՝ «ժողովուրդը գիտի պաշտպանվելու ձևը»։ Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը՝ խոսելով երեկ ադրբեջանական կողմից հնչած կրակոցների մասին։
«Երեկ նշանառության տակ էր մանկապարտեզի շենքը, այսօր հանգիստ է, կրակոցներ չկան, քանի որ ամպամած է։ Ամպամած եղանակին ավելի հանգիստ են՝ գյուղը չի երևում, մենք էլ օգտագործում ենք այս օրերը։ Այսօր շաբաթօրյակ ենք հայտարարել՝ բոլոր վտանգավոր տեղերում ծառեր ենք տնկում։ Մենք մեր հացը թուրքերի ձեռքից խլում ենք»,-նշել է գյուղապետը։
Մեր զրուցակցի խոսքով՝ կրակոցներն ահագնանում են հատկապես գարնանը, երբ գյուղացին բահը ձեռքն է վերցնում։
«Նորություն չէ՝ կրակոցների առումով մեր գյուղը միշտ էլ ակտիվ է», – եզրափակել է Սաղոյանը։
Մեր թղթակցի հետ զրույցում Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ նշել է, որ այսօր գյուղում հանգիստ է՝ «մառախուղ է, կրակոցներ չկան»։
«Երեկ կրակոցներ եղել են, բայց փառք Աստծո՝ վնասներ ու կորուստներ չունենք։ Այսօր եղանակը մառախլապատ է, դրանով էլ պայմանավորված է հակառակորդի լռությունը՝ քանի չենք երևում, չեն կրակում, -եզրափակել է Կամենդատյանը։