Home / Տեսանյութեր / Գյուղնախարարությանը հարցնում են․ «Գյուղացուն 3 օր ծուխ անելու ցախ ո՞րտեղից»

Գյուղնախարարությանը հարցնում են․ «Գյուղացուն 3 օր ծուխ անելու ցախ ո՞րտեղից»

Ցրտահարությունից այգիներն ու դաշտերը ծխահարելու միջոցով «փրկելու» գյուղնախարարության վերջին օրերի հայտարարությունները այսօր արդեն իրենց բերքից գրեթե ամբողջությամբ զրկված գյուղացիների համար ավելի շատ ծաղրանք, քան մտահոգություն են հիշեցնում։ Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հնչեցրել Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի բնակիչ Երեմ Առաքելյանը։ Նա տարակուսած է, որ նախարարությունը կարծում է, թե «մի փոր հացի կարոտ գյուղացին» հնարավորություն կամ միջոցներ կունենար 2-3 օր անընդմեջ կրակ վառելու։

«Խեղճ գյուղացին ձմեռվա ցախ չուներ վառելու, հազիվ յոլա գնացին, ձմեռը հանեցին, հիմա էլ կանգնել ասում են՝ կրակ դրեք։ Մի ամբողջ ձմեռվա ցախը չէր հերիքի էս ցրտերի դեմն առնելու համար։ Իրիկունը [մարտի 29-ի] ժամը 10-ից արդեն -5 էր՝ շուրջ 3 օր, հիմա պատկերացրեք՝ ո՞նց էր էս խեղճ ժողովուրդը բաց երկնքի տակ կրակ տալու», – ասել է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ տեղացած առատ ձյան ու սաստիկ ցրտերի պատճառած վնասի չափերը ինչպես Մրգաշատում, այնպես էլ մարզի մի շարք այլ համայնքներում աննկարագրելի են՝ ցրտահարության դեմ պայքարի ոչ մի տարբերակ չի գործել։

«Միակ հույսը այն է, որ խաղողի վրա եղած «քնած աչքերը» կարող են բերք տալ, թե չէ մնացած բողբոջները խաշել, թափվել են։ Ամբողջությամբ ու վերջնական վնասվել են բոլոր կորիզավորները՝ ծիրանենիները, սալորենիները, դեղձենիները։ Ամբողջությամբ ծաղկած այս ծառատեսակները -5 աստիճանի դեպքում ապրելու որևէ շանս չունեն», – նշել է մեր զրուցակիցը։

1karkut

Առաքելյանը դժվարացել է կանխատեսումներ անել ընդավոր ծառատեսակների վերաբերյալ՝ համարելով, որ դեռևս վաղ է դրանց մասին խոսելը, ամեն ինչ պարզ կդառնա այն ժամանակ, երբ կծաղկեն տանձի, խնձորի, սերկևիլկի ծառերը։

«Գյուղացիները դեռևս ուշքի չեն եկել՝ վաղը, մյուս օրը արևը կտա ու խաշած բողբոջները կչորանան (հիմա հլը գույները տեղն են), նոր կերևա՝ որը որից հետո է», -նշել է մեր զրուցակիցը։

Մեր թղթակցի հետ զրույցում Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի բնակչուհի Լենա Պետրոսյանը պատմել է, որ եթե մարտի 29-ին տեղացած առատ ձյունն ու ուժգին քամին վնասել էին եղածի գրեթե 50 տոկոսը, ապա այս գիշեր այգիներն ու արտերը ցրտահարվել են ամբողջությամբ։

«Մեր այգում 5 տեղով կրակ արեցինք, վառելու բան չէր մնացել, բայց փրկել չկարողացա․ բավական ա, որ 5 րոպե չվառվի՝ ցուրտը տանում ա։ Ծիրանը, սալորը, դեղձը, գիլասը, դամբուլը լրիվ ավիրվել են, ճյուղերը բերել եմ տուն, տաքությունից լխքում, սևանում են, ինչը ապացուցում ա, որ բերք չենք ունենալու։ Վիրավոր, մոլորված վիճակ ա բոլորիս մոտ՝ էնպես չի, որ ասենք մենակ իմն ա ու կարամ հարևանից բերեմ վերավաճառեմ՝ համատարած էդ վիճակն ա։ Երանի էս նույն ցուրտը աներ 20 օրա առաջ, հիմա էս ողբալի վիճակում չէինք լինի։ Ամբողջ գյուղը վարկերի, պարտքերի տակ ճռում ա՝ գոնե ղեկավարությունը մի բան ձեռնարկի, մի հույս տա», -եզրափակել է Պետրոսյանը։