Քեսաբում ընթացող մարտերի ընթացում քեսաբահայությունը ոչ մի զոհ չի ունեցել, սակայն Լաթակիա տեղահանվելուց հետո արված հաշվարկներից պարզվել է, որ մոտ 30-40 հոգի մնացել են Քեսաբում և հայտնի չէ նրանց ճակատագիրը։ Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է քեսաբահայ Սերժ Քալուկյանը և ընդգծել, որ համացանցում վերջին օրերին տարածվող տեսանյութերը չեն համապատասխանում իրականությանը։
Նշենք, որ Քեսաբի իրադարձությունների հաջորդ օրը asbarez.com կայքը գրել էր 80 զոհերի մասին։
Քալուկյանը դժվարացել է պարզաբանել մամուլում տարծված կեղծ լուրերի առատության պատճառը, սակայն վստահեցրել է, որ դրանք ոչ միայն մտահոգում, այլև վնասում են քեսաբցիներին։
«Քեսաբում մինչ այժմ մարտերը շարունակվում են․ սկզբում կորցրեցինք Քեսաբի ամբողջ տարածաշրջանը, սակայն բանակի ու կառավարության կողմից մեծ ջանքեր են գործադրվում այն հետ վերադարձնելու համար։ Վերջին տվյալներով բանակը ուժեղագույն հարվածներ է հասցրել զինյալներին, որոնք թուրքական բանակի օգնությամբ ներխուժել և խլել են Քեսաբը», – ասել է Քալուկյանը։
Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է մարտի 21-ի առավոտյան ժամը 5-ին, երբ Քեսաբի ողջ բնակչությունը, այդ թվում՝ քեսաբահայությունն արթնացել են ավանի վրա տեղացող ռումբերի պայթյունից:
«Առաջին անգամ էր, որ Սիրիայի տարածքներում այդպիսի հզոր զինամթերք է օգտագործվել։ Քեսաբի ինքնապաշտպանական զորքերը կոչ են անում ժողովրդին հեռանալ և ապաստանել ավելի բարձրադիր Հեքիզոլուխում՝ հույսով, որ ամեն ինչ արագ կավարտվի։ Մի քանի ժամ անց, սակայն, երբ պարզվեց, որ խախանդվելու հույս չկա՝ համայնքի պատասխանատուներով քեսաբցիներին ուղարկել են Լաթակիա։ Ժողովրդին հեռացրել են տարբեր միջոցներով, որը իր անձնական մեքենայով, որը հարևանի․ այսպես, իրար օգնելով գնացել ու ապաստանել են Լաթակիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու մեջ», -ասել է բանախոսը։
Վերջին տվյալների համաձայն, եկեղեցում ապաստանել էին Քեսաբից տեղահանված 600 ընտանիք, որոնց մեկ շաբաթվա ընթացքում տուն է հատկացվել, բավարարվել են նրանց պահանջները։