Այսօր լրանում է Ռուանդայի ցեղասպանության 20-րդ տարելիցը։ Աֆրիկայի կենտրոնական հատվածում գտնվող Ռուանդան զբոսաշրջիկները հաճախ «տրոպիկների Շվեյցարիա» են անվանում: Սակայն նախորդ դարի 90-ականների կեսերից հետո այս երկիրը ասոցացվում է նաև մարդկային պատմության ամենասարսափելի ոճրագործություններից մեկի հետ:
Ռուանդայի բնակչության մեծամասնությունը պատմականորեն հուտու ցեղախմբի ներկայացուցիչներ էին` ավանդաբար հողագործներ: Դարեր շարունակ Ռուանդան գրավում էր նաև տուտսի ցեղախմբի անդամներին, որոնք ավելի շատ քոչվոր կյանք էին վարում: Ավելի քան 600 տարի այս երկու ցեղախմբերը միասին գյուղատնտեսություն էին վարում՝ միաժամանակ կիսելով լեզուն, մշակույթը և ազգային առանձնահատկությունները: Շատ էին ազգամիջյան ամուսնությունները:
Պատմական անցյալի և գյուղատնտեսության մեջ ունեցած իր դերի պատճառով տուտսիները ցանկանում էին հողատեր լինել, իսկ հուտուները` հողագործ: Աշխատանքի բաժանումը խաթարեց բնակչության հավասարակշռությունը, որի արդյունքում հուտուները սկսեցին թվաքանակով գերազանցել տուտսիներին: Նրանց միջև անդունդ ձևավորվեց, երբ 1919-ին եվրոպական գաղութատերերը մուտք գործեցին երկիր: Գաղութատիրական կառավարման մեթոդներից էր` ընտրել մեկ արտոնյալ ազգ, որը կարող է կրթվել և միջնորդ դեր ստանձնել կառավարչի և կառավարվողի միջև: Բելգիացի գաղութատերերն ընտրեցին տուտսիներին` բարձրահասակ կալվածատերերին, որոնք, ըստ եվրոպացիների, ավելի արիստոկրատ արտաքին ունեին: Արդյունքում այս իրավիճակը ապակայունացրեց ռուանդական հասարակությունը: Տուտսիները սկսեցին իրենք արտոնյալ արիստոկրատներ զգալ: Այս ամենը էլ ավելի խորացրեց հակասությունները երկու ցեղախմբերի միջև:
1956 թվականին հուտուները զինված ապստամբություն սկսեցին, արդյունքում զավթեցին իշխանությունը և սկսեցին վտարել տուտսիների համայնքներին իրենց հողերից: Շատ տուստսիներ տեղափոխվեցին հարևան երկրներ, որտեղ ձևավորեցին Ռուանդայի հայրենասիրական ճակատը` պատրաստելով իրենց զինվորներին և սպասելով հարմար պահի:
1962 թվականի Ռուանդայի անկախացումից հետո քաղաքականապես անփորձ հուտուների կառավարությունը բախվեց ներքին խնդիրների: Լարվածությունը մեծացավ համայնքների և գավառական խմբավորումների միջև: 1990 թվականին Ռունդային հայրենասիրական ճակատը, օգտվելով հարմար առիթից, հարձակում գործեց: Սկսվեց քաղաքացիական պատերազմը:
1994 թվականին փոքր աֆրիկյան երկրի քաղաքացիական պատերազմը մեծամասնություն կազմող հուտուների և փոքրամասնության` տուտսիների միջև իր հանգուցալուծումն ունեցավ, որի ընթացքում ապրիլի 7-ից մինչև հուլիսի կեսերն ընկած ժամանակահատվածում 800 հազար մարդ սպանվեց:
Ցեղասպանությունը կազմակերպվել էր Ռուանդայի կառավարության կողմից, որը կազմված էր հուտու ազգության ներկայացուցիչներից: Ցեղասպանության համար ֆորմալ պատճառ հանդիսացավ ապրիլի 6-ի երեկոյան ազգությամբ հուտու Ռուանդայի նախագահ Ջուվենալ Հայարիմանայի սպանությունը: Մինչ օրս նրա սպանության մեղավորների մասին տարբեր վարկածներ կան, սակայն սպանությունից անմիջապես հետո պատասխանատվությունը դրվել է տուտսիներից բաղկացած Ռուանդայի Հայրենասիրական Ճակատի վրա, և հաջորդ օրվանից սկսվել են տուտսիների զանգվածային սպանությունները: 30 հազար հուտուները բաժանվել են ջոկատների, և, ըստ կառավարության հրահանգի, յուրաքանչյուր մարդ պատասխանատու է եղել տուտսիների 10 ընտանիքների սպանության համար:
Ռուանդայի այն ժամանակվա վարչապետ Ժան Կամբանդան հետագայում Միջազգայան քրեական դատարանում խոստովանել է, որ կառավարությունում ազատորեն քննարկվել է սպանությունների հարցը, և կառավարության կին անդամներից մեկն առաջարկել է «ազատվել բոլոր տուտսիներից անխտիր»:
Տուտսիների ցեղասպանության ժամանակ ոչնչացնում էին նաև հուտուների այն ներկայացուցիչներին, ովքեր դեմ էին տուտսիների սպանություններին` հայտարարելով, որ այդ հուտուներն «ազգի դավաճան և հարմարվողական են»: