Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նոր, զրահապատ մեքենա է գնել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
«Այդ մոդելի զրահապատ մեքենաների գինը սկսվում է 300.000 դոլարից, սակայն, ըստ գյումրեցիների, Բալասանյանն այդ «Լեքսուսը» ձեռք է բերել 600.000 դոլարով (գինը կախված է զրահի պաշտպանության մակարդակից)։ Ավելի հետաքրքիր են մեքենան ձեռք բերելու «պատճառները». ամիսներ առաջ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, հարձակվել էր Բալասանյանի տան վրա, կրակոցներ արձակել ու սպառնացել Բալասանյանին «խփել տալ»։ Պարզվում է՝ վերջինս էլ այս խոսքերից հետո վախեցել է ու որոշել ապահովել իր անվտանգությունը՝ գնելով զրահապատ մեքենա», – գրում է «ՀԺ»-ն։
Թերթն ընդգծում է, որ մեքենան Բալասանյանի անունով չէ, այլ Երևանի Փափազյան փողոցում գտնվող «Շիրակի տուն» ՍՊԸ-ի, որտեղ էլ գտնվում է «Պոլոզ Մուկուչ» ռեստորանը։ Նման ռեստորան կա Գյումրիում և, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է Սամվել Բալասանյանին։
Այնուամենայնիվ, թերթի հետ զրույցում Բալասանյանն ասել է, որ մեքենայի հետ կապ չունի։ Հարցին, թե ինչու է, ուրեմն, այդ մեքենան կայանում քաղաքապետարանի մոտ, որտեղ թույլատրելի է միայն ծառայողական մեքենաների կայանումը, Բալասանյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, դրանից քաղաքում էլի կա, վարորդին հարցրեք»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում