Ոստիկանություն-քաղաքացի հարաբերություններում առկա են մարդու իրավունքների խախտումների հանգեցնող ռիսկեր և նրանց նկատմամբ ոչ պատշաճ դատական հսկողություն։ Այս մասին ասված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի «Մարդու իրավունքների վիճակի ուսումնասիրություն ոստիկան-քաղաքացի հարաբերություններում» զեկույցում։
Ուսումնասիրությունն իրականացվել է վեց փաստաբանների կողմից՝ 2011-2013 թվականների ընթացքում փաստաբանական գործունեության ընթացքում արձանագրված տեղեկատվության ամփոփման միջոցով:
«Առավել մեծ թվով խախտումներ կատարվում են բերման ենթարկելիս, այնուհետ՝ ձերբակալության, առավել քիչ՝ խուզարկությունների ընթացքում, իսկ մարդու իրավունքները առավել խոցելի են բերման ենթարկվելիս», – ասված է զեկույցում։
Փաստաբանների կողմից կազմակերպությանը ներկայացված 69 գործերից խախտումներ են արձանագրվել 52 գործերում, որոնք կազմում են քննված գործերի մոտ 75 տոկոսը:
Նշված 52 գործերով բերման ենթարկելու, խուզարկության և ձերբակալության ընթացքում արձանագրվել են թվով 177 խախտումներ։
Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ բերման ենթարկելու ժամանակ արձանագրված 83 խախտումներից 51-ի դեպքում խախտվել է բերման ենթարկվելու սահմանված կարգը, օրինակ, բերման ենթարկելու մասին համապատասխան որոշում չի կայացվել, բերման ենթարկվողին չեն ներկայացրել գործը կամ բերման ենթարկելու հիմքը և այլն։
Ձերբակալության ժամանակ խախտումներից մի մասի դեպքում ձերբակալվածին չի տրվել պաշտպանության իրավունք, չեն ներկայացվել հիմքերը, ձերբակալվածը չի ծանուցվել իր իրավունքների մասին, չեն ներկայացվել ձերբակալման հիմքերը։
Մեծ թվով խախտումներ են արձանագրվել նաև խուղարկության ժամանակ։ Մասնավորապես, քննվող դեպքերից 7-ում անձը հնարավորություն չի ունեցել ծանոթանալ խուզարկության վերաբերյալ դատարանի որոշմանը, 4-ում՝ անձին չի բացատրվել, թե ինչ կարգով կարող է բողոքարկել խուզարկություն իրականացնելու մասին որոշումը, 3-ում՝ խուզարկությանը մասնակցող ընթերականերին չեն բացատրվել իրենց իրավունքները, ևս 3-ում խուզարկության արձանագրությունը պատշաճ չի կազմվել և այլն։
Զեկույցում ընդգծվում է, որ վատ վերաբերմունքի դեպքեր են գրանցվել թե բերման ենթարկելու, թե ձերբակալության ընթացքում։
Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ բերման ենթարկելու, խուզարկության և ձերբակալության գործառույթների վերաբերյալ ամփոփումը բերում է այն համոզման, որ քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերը լայնորեն տարածված են նշված գործողությունների իրականացման ժամանակ և պայմանավորված են մի կողմից մարդու իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմների և նորմերի անհստակությամբ, մյուս կողմից՝ ոստիկանության աշխատակիցների գործողություններինկատմամբ պատշաճ և արդյունավետ վերահսկողության բացակայությամբ, հատկապես՝ դատական ատյանների կողմից։