Home / Տեսանյութեր / «Դ!եմ եմ»-ը Տիգրան Սարգսյանին ճանապարհեց «սրիկա, սրիկա» վանկարկումներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Դ!եմ եմ»-ը Տիգրան Սարգսյանին ճանապարհեց «սրիկա, սրիկա» վանկարկումներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տիգրան Սարգսյանը «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամներին կոչ է արել երկխոսել ոչ թե փողոցում, այլ կառավարության դահլիճներում։

Պաշտոնաթող վարչապետ Տիգրան Սարգսյանը քիչ առաջ հանդիպել է «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամներին Հանրապետության հրապարակում։ Բողոքող ակտիվիստները պահանջել են Սարգսյանից, որպեսզի Պետեկամուտների կոմիտեն չեղյալ համարի էլեկտրոնային հաշվետվության ձևերը, որոնցում հնարավարություն չի տրվում չլրացնել կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի դաշտը։ Ակցիայի մասնակիցները ձեռքով լրացվող ձևերի ներմուծում են պահանջում, որպեսզի յուրաքանչյուր հարկատու ինքը որոշի վճարելու է կենսաթոշակայինը, թե ոչ։

Տիգրան Սարգսյանը իր ելույթում ևս մեկ անգամ երկխոսության կոչ է արել նախաձեռնության մասնակիցներին՝ առաջարկելով կառավարության անդամների հետ դահլիճներում քննարկել այդ հարցը։

«Եթե չեք ցանկանում, ապա պետք է լցվեք համբերությամբ, որպեսզի իրավասու մարմինները քննարկեն այդ հարցը, և ձեր հարցերին պատասխանեն», – ասել է պաշտոնաթող վարչապետը՝ կոչ անելով ազատել Նալբանդյան փողոցը, որը ակտիվիստները փակ են պահում մոտավորապես 14։00-ից։

Տիգրան Սարգսյանը կարճ ելույթից հետո հեռացել, իսկ բողոքի ակցիայի մասնակիցները նրա հետևից սկսել են վանկարկել «Սրիկա, սրիկա»։

Քիչ անց ակտիվիստները, այնուամենայնիվ, բացել են փողոցը, այն պայմանով, որ ոստիկանները բաց կթողնեն ավելի վաղ բերման ենթարկած իրենց ընկերոջը։ «Դեմ եմ»-ի ակտիվիստները ցրվեցին՝ նշելով, որ ժամանակ են տալիս կառավարությանը մինչև ապրիլի 12-ը հարցը քննարկելու համար։