Ադրբեջանական գերությունից 1 ամիս անց Հայաստան վերադարձած 22-ամյա Արսեն Խոջոյանը դեռ չի հավատում, որ հայրենիք է վերադարձել։
Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում պատմել է վերջինիս մայրը՝ Սվետլանա Խոջոյանը, ով այս պահին որդու հետ գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։
«Մի քիչ թույլ ա, բայց լավա ա՝ անալիզները ընդհանուր առմամբ լավ են։ Բժիշկները նայեցին, ասեցին, որ ոչ մի վտանգավոր բան չկա», -ասել է մայրը։
Խոջոյանի մայրը պատմել է, որ Ադրբեջանում անցկացրած մոտ 1 ամսվա ընթացքում հիմնականում խուսափել է սնունդ ընդունել։
«Դե հաց-մաց չի կերել ընդեղ, մի ամիս ջրով ա ապրել։ Ասում ա՝ «ուղղակի վախեցել եմ ուտեմ՝ դեղած կարող ա ըլնի»։ Ուտելիք շատ են տվել, բայց չի կերել, ջուր է խմել։ Մի քանի անգամ ստիպել են, որ գոնե մի քիչ սալաթ ուտի, կես են արել, իրանք էլ են հետը կերել, թե «տես, մենք էլ ենք ուտում, որ չվախենաս, դու էլ ուտես», -պատմել է Արսենի մայրը։
Մեր զրուցակիցը նշել է նաև, թե հիվանդանոցից դուրս գրվելու մասին բժիշկները դեռևս ոչինչ չեն ասել։