«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Հրաչյա Գևորգյանը պատրաստ է վաղն առավոտյան ասեղ կուլ տալ, եթե բանտի վարչակազմն իրեն չտեղափոխի դատապարտյալների հիվանդանոց վիրահատության համար: Ինչպես հայտնի է դարձել «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությանը, Գևորգյանին խոստացել են տեղափոխել բանտի հիվանդանոց և վիրահատել, վերջինս դիմում է գրել բանտի ղեկավարությանը, սակայն դիմումին ընթացք չեն տվել:
Հելսինկյան ասոցիացիայից Epress.am-ին հայտնել են, որ Գևորգյանին նման խոստում են տվել մի քանի անգամ, սակայն ամեն անգամ անհայտ պատճառներով հետաձգել են վիրահատությունը: Գևորգյանը պահանջում է որովայնից հանել մեխը, որն ավելի վաղ կուլ էր տվել ի նշան բողոքի, ու քանի որ նրա պահանջը չեն կատարում, նա պատրաստվում է դիմել ծայրահեղ քայլերի:
Գևորգյանը նաև տեսողության հետ խնդիրներ ունի. այս տարվա փետրվարի 7-ին կայացած դատական նիստը հետաձգվել էր Գևորգյանի վատառողջ լինելու պատճառով՝ դատարան շտապօգնության մեքենա էին հրավիրել:
Epress.am-ն ավելի վաղ մի քանի անգամ անդրադարձ է կատարել Հրաչյա Գևորգյանի դատավարությանը։
Ըստ մեղադրանքի՝ Հրաչյա Գևորգյանը և Գարիկ Հարությունյանը պատանդ են վերցրել Նաիրա Հարությունյանին, ով քաղաքացիական ամուսնության մեջ էր գտնվում Գևորգյանի հետ, նրա անչափահաս որդուն, ապա պատանդներին ազատելու պայմանով կնոջ հորից` Ս.Հարությունյանից, գումար են պահանջել, որը ստանալուց հետո ազատ են արձակել պատանդներին:
Դատավարության ընթացքում վկաներից մեկը՝ Մերի Իսրայելյանը, պատմել է, թե ինչպես է Նաիրա Հարությունյանի հայրն իրեն խնդրել Հրաչյա Գևորգյանի դեմ ցուցմունք տալ։
Հիշեցնենք, որ Գևորգյանի գործի ձգձգումից դժգոհ նրա մայրը բողոքի ակցիա էր անցկացրել՝ փորձելով ինքնահրկիզվել նախագահական նստավայրի մոտ: