«Գոմեշի մսի» գործի պատճառով 2012 թվականին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից պաշտոնանակ արված գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը նշանակվել է Սեյրան Օհանյանի խորհրդական։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը նշում է նաև, որ ապրիլի 11-ից գործում ներգրավված անձինք սկսել են ծանոթանալ գործի նյութերին։ Քրեական գործը հարուցվել է 178-րդ հոդվածի հատկանիշներով (խարդախություն)։
Բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարած Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը փոխհատուցել է Պաշտպանության բանակին հասցրած վնասը՝ կառուցելով 150 տոննա տարողությամբ սառնարանային համալիր, որի արժեքը կազմում է 73 362 390 դրամ (մոտ 180 հազար դոլար)։
Հիշեցնենք, որ դեռևս 2012 թվականի մայիսին «Բանակում անարդարություններին ոչ» նախաձեռնությունը բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահին, ՀՀ Պաշտպանության նախարարին, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնատար անձանց՝ կոչ անելով քննություն սկսել զորամասերում Հնդկաստանից բերված սառեցված գոմեշի մսի մատակարարման վերաբերյալ:
2012 թվականի օգոստոսին ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում հայտնաբերված խախտումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, աշխատանքից ազատվել է ՀՀ ԶՈՒ գնումների և մատակարարումների հետ կապված հարցերը համակարգող Արշալույս Փայտյանը:
2012 թվականի սեպտեմբերի վերջին կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ հրապարկվել էր գոմեշի միս Հայաստան ներմուծող ընկերությունների ցանկը, իսկ ՀՀ վարչապետը նշել է, որ ինքը ներմուծման հետ կապ չունի: Խոշորագույն ներմուծողն է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը:
Լուսանկարը՝ shamshyan.com