ԱՄՆ-ում ավարտվել է «Հայկական ուժ» հանցավոր խմբավորման ղեկավար 38-ամյա Մհեր Դարբինյանի գործով դատաքննությունը։ Լոս Անջելեսի դաշնային դատարանը Դարբինյանին դատապարտել է մինչև 973 տարվա ազատազրկման։
Ինչպես հաղորդում է BBC-ին, ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել մեղադրական եզրակացության 57 կետերով, այդ թվում, կազմակերպված հանցավոր գործունեություն, դրամաշորթում, բանկային ու վարկային քարտերի մեքենայություն, անձնական տվյալների յուրացում, հրազենի պահում, ինչի իրավունքից Դարբինյանը զրկված է նախկին դատվածությունների պատճառով:
Դատախազության հայտարարության մեջ նշված է, որ Դարբինյանը հանցավոր գործունեություն է ծավալել նաև բանտում գտնվելու ժամանակ՝ համագործակցելով մեքսիկական մաֆիայի անդամների հետ։
2011 թվականին ԱՄՆ-ի իշխանությունները քրգործ են հարուցել խմբավորման շուրջ 100 անդամների նկատմամբ, որոնք մեղադրվում են կողոպուտների, սպանությունների, առևանգումների, դրամաշորթության, մեքենայությունների, մաքսանենգության ու զենքի ապօրինի շրջանառության մեջ: