Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ, լսել է Զարուհի Փոստանջյանին վիրավորելու համար «Հայոց արծիվներ» ՀԿ-ի ղեկավար Խաչիկ Ասրյանի դեմ գրքործ հարուցելու մասին վերաքննիչ բողոքը։ Փոստանջյանի կողմը դատարանում ներկայացրել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի վանաձորի գրասենյակի կայքը։
Դատական նիստին չէին ներկայացել վարույթն իրականացող մարմինը, ինչպես նաև վերահսկող դատախազը։ Արթուր Սաքունցը ներկայացրել է վերաքննիչ բողոքի իրավական հիմնավորումները, որից հետո պնդել է նախապես ներկայացրած միջնոդությունը՝ դատաքննությանը մյուս կողմի ներկայությունն ապահովելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունը, և դատական նիստը հետաձգվել է մինչև մայիսի 5-ը, ժամը14:00-ն:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ ՀՔԾ քննիչ Մ. Բաբայանի 2013 թ. հոկտեմբերի 31-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու պահանջը մերժել էր։
Քննիչը մերժել էր քրեական գործ հարուցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայոց արծիվներ» ՀԿ-ի ղեկավար Խաչիկ Ասրյանի կողմից ԱԺ պատգամավոր Զարուհի Փաստանջյանի և նրա հարազատների հասցեին հնչեցված սպառնալիքների փաստի առթիվ՝ հիմնվելով միայն ԶԼՄ-ներով կատարված հրապարակումների վրա: Նշենք, որ Ասրյանն ասել էր, թե «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել ոչ թե որպես Ժաննա Դ’արկի, այլ որպես Ռամիլ Սաֆարովի»: Հետագայում Ասրյանը նշել էր, թե նկատի է ունեցել ոչ թե Փոստանջյանին, այլ նրա արարքը: Սպորտի փոխնախարարն իր հայտարարությունն արել ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված հարցի առնչությամբ: