Դիլիջանի ջրում աղիքային ցուպիկի խմբի մանրէները 46 անգամ գերազանցում են ջրի որակի պահանջներով սահմանված չափը։ Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկացել է Դիլիջանի Օրհուսի կենտրոնից։
Կենտրոնը Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Տավուշի մարզային կենտրոնին առաջարկել է ջրի որակի հետազոտություն անցկացնել և ստացել է հետազոտության եզրակացությունն այն մասին, որ ջուրը չի համապատասխանում առողջապահության նախարարի հրամանով հաստատված ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներին։ Աղիքային ցուպիկի խմբի մանրէների ցուցիչը ջրում կազմել է 46՝ 0-ի փոխարեն։
Ոլորտի մասնագետներից մեկը, որ թերթին խնդրել է իր անունը չհրապարակել, ասել է, որ դա նշանակում է հիվանդության և վարակների առաջացման փոքր ռիսկ, բայցև անվտանգության երաշխիքի բացակայություն։
«Մարդու աղիքներում այդ ցուպիկներից հազարավոր կան, և խոշոր հաշվով այդ ցուցանիշն այդքան էլ վտանգավոր չէ։ Բայց ոչ ոք չի կարող երաշխավորել, որ բնակիչներին ոչինչ չի լինի», – պարզաբանել է մասնագետը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում