Home / Տեսանյութեր / Դաշնակցությունը չեզոք չմնաց, հայության վիճակը որոշված էր. Ցեղասպանության դասերը

Դաշնակցությունը չեզոք չմնաց, հայության վիճակը որոշված էր. Ցեղասպանության դասերը

Ականավոր հայ պատմաբան, մտավորական Լեոն (Առաքել Բաբախանյան) իր «Անցյալից» գրքում Հայոց ցեղասպանության հարցը քննում է տարբեր տեսանկյուններից՝ խոսելով ինչպես Թուրքիայի մեղքի, այնպես էլ հայկական կուսակցությունների քաղաքական տկարության ու բացթողումների, ինչպես նաև եվրոպական երկրների և Ռուսական կայսրության դերի մասին։ Լեոյի կողմից բերվող փաստաթղթերը և տրված գնահատականները բացահայտում են այն հրեշավոր դերը, որը խաղացել է ցարական Ռուսաստանը Հայոց ցեղասպանության հարցում։

«Անցյալից» գիրքը հրատարակվել է 2009 թվականին բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի կողմից: Հայրապետյանը հրատակարությունը նվիրել է 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին։

Օրվա ընթացքում Epress.am-ը գրքից հատվածներ է ներկայացնելու:

*********

Պատերազմ է ուզում,  ահա և պատերազմ… Ինչպես չգնալ, դաշնակցական մաուզերներն իրենք իրենց պայթում են։

Ճիշտ այսպես։ [1914թ] պատերազմի հայտարարումից մի քանի օր առաջ դաշնակցականների ընդհանուր ժողովն էր Էրզրումում։ Երիտթուրքերի կուսակցության կողմից հատուկ ներկայացուցիչ է գալիս և առաջարկում Դաշնակցությանը՝ սկսվող պատերազմի ժամանակ միանալ թուրք-գերմանական դաշնությանը, Կովկասի հայության մեջ ապստամբություն հարուցել ռուսների դեմ։ Փոխարենը խոստացվում էր հայկական ինքնավարություն՝ ռուսական Հայաստանի սահմաններում։ Սա գերմանական ծրագիր էր, որի նպատակն էր Անդրկովկասյան բոլոր ազգությունների՝ վրացիների, հայերի և թուրքերի ընդհանուր ապստամբության միջոցով վտարել ռուսներին Կովկասյան գլխավոր շղթայի հյուսիսային կողմը, այնպես, որ այդ շղթան դառնար սահմանը Թուրքիայի և Ռուսաստանի միջև, իսկ երեք ապստամբած ազգությունները կկազմեին ինքնավար նահանգներ Թուրքիայի հովանավորության տակ։ Վրացիների հետ բանակցությունները համարյա միաժամանակ էին սկսել, և նրանց մեջ գտնվեցին տարրեր, որոնք զույգ ձեռքով բռնեցին այդ առաջարկությունը և նույնիսկ համաձայնություն կնքեցին Թուրքիայի հետ, որ հրատարակվեց ռուսական ցարիզմի անկումից հետո։

Էրզրումի կուսակցական ընդհանուր ժողովը երիտթուրքերի առաջարկության առիթով կայացրեց մի վճիռ, որ միակ կարելին էր սալի և կռանի մեջ տրորվող մի փոքր ազգության համար։ Նա չընդունեց երիտթուրքերի առաջարկությունը՝ հայտարարելով, որ Դաշնակցությունը ծագող պատերազմի մեջ իրեն չեզոք կպահի։ Բայց բարձր մարմնի այս որոշումը մնաց մեռած տառ թղթի վրա։ Հարց վճռողներ հանդիսացան Կ. Պոլսի կոմիտեն և Կովկասի Արևելյան բյուրոն։ Դաշնակցությունը չեզոք չմնաց, այլ միացավ ռուսներին և տվեց նրանց այն, ինչ մերժել էր թուրքերին՝ պատերազմ մղելու համար կամավորական խմբեր և ապստամբություն Թուրքահայաստանում։

Ես փաստեր շատ ունեմ պնդելու համար, որ այդ ոճրագործ որոշումը կայացել էր ոչ միայն առանց բուն երկրի գիտության, այլև հակառակ նրա ցանկության։ Իր տեղում ես կպատմեմ այդ փաստերը, այստեղ միայն այն ասեմ, որ ժողովուրդը Կ. Պոլսի և Թիֆլիսի պոռոտախոսներից շատ լավ էր հասկանում իր դրությունը և միայն մի բան էր ցանկանում, որ իրեն թույլ տրվի անցկացնել պատերազմական փոթորիկը, ինչպես ինքը կարող էր։ Այսպես չեղավ, դժբախտաբար։ Այդ ժողովուրդը՝ անմեղ և անլեզու մի ամբոխ, «փրկիչներ» չափազանց շատ ուներ, և դրա հետևանքով նրա համար փրկություն չէր մնում այլևս։

Հենց որ Գերմանիան և Ավստրիան՝ մի կողմից, Ռուսաստանը, Ֆրանսիան և Անգլիան՝ մյուս կողմից մտան պատերազմի մեջ, Թուրքիան, իբրև առաջին երկուսի դաշնակից, հայտարարեց «սեֆերբերլիք», այստեղ՝ զորահավաք, և սպասում էր հարմար առիթի՝ նույնպես ռազմադաշտ իջնելու համար։ Բոլոր տեղերում էլ զորահավաք նշանակում է պատերազմական վայրենությունների օրինականացման առաջին գործողություն։ Թուրքիայում այն միշտ է սարսափելի եղել, առավելապես քրիստոնյաների համար, որովհետև պատերզմ գնացող ասկյարի համար ավելի ալլահաճո բան չի եղել, քան գյավուրների գլուխները թռցնելը։ Սակայն 1914-ի սեֆերբերլիքը բոլորովին բացառիկ մի բան էր հայ ժողովրդի համար։ Նրա դեմ գրգռված էին ամենքը՝ կառավարությունը, ամբողխը։ Մի ամբողջ տարի հայկական դժբախտ ռեֆորմները ընդհանուր դժգոհության և ագիտացիայի աղբյուր էին դարձել։ Դժվար չէր այսպիսի պայմանների մեջ, ցույց տալով երկու եվրոպական վերահսկիչներին, ներշնչել խավար ամբոխին, թե հայրն են պատերազմի պատճառը և այլն։ Եվ ահա, թեև Թուրքիան դեռ պատերազմող չէ և ռուսաց դեսպանը դեռ Կ. Պոլսում է, Թուրքահայաստանի զանազան տեղերից, մանավանդ այնպիսիներից, որ հայերը աննշան փոքրամասնություն են կազմում, բարձրանում են հուսահատական աղաղակներ։ Թուրքերը բացահայտորեն պատրաստվում են կոտորելու հայերին. այս են հաղորդում լրագրական թղթակցությունները գրեթե ամեն օր։ Ապագա գոռ փոթորիկի այս վաղահաս աղմուկներն են ահա, որ ստիպում են Թիֆլիսի դիպլոմատներին կաթողիկոսի անունից գրված աղերսագրի մեջ մտցնել մի կետ ևս, այն մասին, որ ռուսական դիվանագիտությունը Կ. Պոլսում հարկադրի թուրք կառավարությանը լուրջմիջոցներ ձեռք առնել հայերի պաշտպանության։ Իսկ եթե թուրք կառավարությունը մերժե՞ր այդպիսի մի պահանջ, ինչպես արդեն, պատերազմի պատրաստված, մերժել էր եվրոպական պետությունների դարավոր արտոնությունները, կապիտուլյացիաները։ Կարծես թե երեխաներ էին Թիֆլիսի դիպլոմատները և չէին հասկանում, որ Թուրքիայում կոտորածները միշտ կառավարական հրամաններով էին տեղի ունենում։ Եվ եթե դա այսպես է, ի՞նչ ուժ կարող էր գտնվել աշխարհի վրա, որ թշնամի նկատած լինելով հանդերձ, կարողանար արգելել թուրք կառավարությանը, որ նա կոտորածի հրաման չտա…

Եվ այսչափ ողորմելի դրության մեջ որ մենք ուզում էինք պատերազմող կողմ դառնալ…

Թուրքիայի հայության վիճակը որոշված էր…

Լուսանկարը՝ www.genocide-museum.am