«Ազատագրման երթ» անունը կրող միջոցառումը, որի մասին անցյալ շաբաթ հաղորդագրություն էր տարածել «Արարում եմ» երիտասարդական նախաձեռնությունը, այսօր այդպես էլ չկայացավ կազմակերպիչների բացակայության պատճառով։
Դեռևս անցյալ շաբաթ նախաձեռնության տարածած հաղորդագրության համաձայն, այսօր՝ ապրիլի 28-ին, ժամը 12:00-ին Ազատության հրապարակից պետք է տեղի ունենար երթ՝ դեպի Ռուսաստանի դեսպանատուն։
«Բոլոր նրանք, ովքեր արժևորում են թե իրենց, թե երկրի Ազատությունը, ովքեր գիտակցում են, որ ՄՄ–ին անդամակցումը մեզ նետելու է ստրկության անդունդը, և ունեն այնքան արժանապատվություն, որ չթողնեն ինքնակոչ մարդիկ իրենց փոխարեն կայացնեն ճակատագրական որոշումներ, այդ օրը պիտի գան Ազատության հրապարակ և պայքարեն իրենց ազատության և արժանապատվության համար», – ասված էր նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդագրությունում նշված ժամին հրապարակում հավաքվածները մոտ մեկուկես ժամ սպասել են նախաձեռնող խմբի անդամներին, վերջիններս սակայն չեն ներկայացել։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինչպես հավաքվածներից շատերը, ինքը նույնպես նախատեսվող ակցիայի մասին տեղեկացել է միջոցառման ֆեյսբուքյան էջից։
«Մենք բոլորս հավաքվել էինք որպես միջոցառման աջակիցներ և որքան էլ տարօրինակ է՝ նախաձեռնության հեղինակները տեղում չեն, ուստի հայտարարում ենք, որ մեր հաջորդ ակցիան կկազմակերպենք մայիսի 18-ին։ Հիշեցնեմ, որ այդ օրը Մոսկվայում կազմակերպվելու է մեծ ակցիա պուտինյան քաղաքականության դեմ և այդ քաղաքականության դեմ պայքարող ու մտահոգ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու այդ օրը՝ ժամը 12։00-ին, հրավիրում ենք մասնակցելու ակցիային», – հայտարարել է Սաքունցը։
Epress.am-ը զրուցել է «Արարում եմ» նախաձեռնության Ararum.am կայքի հեղինակներից մեկի՝ Հովհաննես Եսայանի հետ, ով նշել է, որ իրենց կայքը միացել է մի խումբ ազատատենչ երիտասարդների ու փորձել է օգնել նրանց՝ մամուլին տեղեկացնելով կազմակերպվող ակցիայի մասին։
«Մենք օգնում ենք քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների, երբ խնդիր են ունենում մամուլի կամ տարածման հետ, աջակցում տարածմանը, սակայն միջոցառման կազմակերպման հետ ոչ մի կապ չունենք։ Համագործակցել ենք «ԴԵՄ ԵՄ» շարժման ու մի շարք այլ նախաձեռնություններրի հետ։ Ինչ վերաբերում է այսօրվա ակցիային, ապա գիտեմ՝ ովքեր են կազմակերպիչները, ովքեր են դիմել մեզ, բայց հիմա նպատակահարմար չեմ գտնում ասել դրանք», – պատմել է Եսայանը։