ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամներ Արայիկ Զալյանը (ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան) և Արինա Մեծոյանը (Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ) 2014թ. մարտի 27-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ կատարած այցելության ժամանակ հանդիպել են կալանավորներ` Ռոբերտ Մուրադյանին, Անդրանիկ Մխիթարյանին և Ջոն Մարտիրոսյանին, ովքեր հայտնել են, որ ոստիկանության աշխատակիցների կողմից նրանց նկատմամբ կիրառվել է անմարդկային վերաբերմունք՝ ցուցմունքներ կորզելու նպատակով:
Այս մասին հայտնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
Ռոբերտ Մուրադյանը հայտնել է, որ 2013 թ. հոկտեմբերի 27-ին Գյումրու Ոստիկանության Մուշ բաժանմունքի աշխատակից Արթուր Գրիգորյանը գնացել է իրենց տուն, իր մորը՝ Շողիկ Մուրադյանին փոխանցել է իր հեռախոսահամարը և հայտնել է, որ Ռոբերտ Մուրադյանը պետք է ներկայանա ոստիկանություն: Նույն օրը Մուրադյանը ներկայացել է ոստիկանության Մուշ բաժանմունք, որտեղ, ինչպես հայտնել է կալանավորը, բաժանմունքի տարբեր աշխատակիցների կողմից ենթարկվել է բռնությունների, ծեծի և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Մուրադյանը պնդում է, որ հարցաքննության ժամանակ ոստիկանության աշխատակիցները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել իր և մոր հասցեին, բռնություն են գործադրել նրա նկատմամբ` նվաստացնելով արժանապատվությունը: Բռնության միջոցով ոստիկաններին հաջողվել է իրենց ցանկալի ցուցմունքները կորզել Մուրադյանից:
Անդրանիկ Մխիթարյանը հայտնել է, որ նա Գյումրի քաղաքում աշխատում է տաքսու վարորդ: 2013թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատանքը կատարելու ընթացքում կանգ է առել մթերային խանութի մոտ և մտել խանութ: Խանութից դուրս գալով՝ տեսել է, որ ոստիկանության մի խումբ աշխատակիցներ հավաքված են իր մեքենայի կողքը: Մխիթարյանը մոտեցել է նրանց և հարցրել, թե ինչ է պատահել, նրան չեն պատասխանել։ Երբ նա հայտնել է, որ ինքը հանդիսանում է տվյալ մեքենայի վարորդը, ոստիկանության աշխատակիցներն անմիջապես հարձակվել են նրա վրա, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին:
Մխիթարյանը նշել է, որ ոստիկանության աշխատակիցները այնպես են հարձակվել իր վրա, որ «ձեռքի ծխախոտը աչքն է մտել», այնուհետև նստեցրել են «Օպել» մակնիշի մեքենան և շարունակել են մեքենայում հարվածներ հասցնել նրան: Ոստիկանության աշխատակիցները սպառնացել են նրան՝ ասելով, թե չի պատկերացնում, թե ինչ են անելու, եթե չասի, թե որտեղ են իր հետ եղած տղաները, որոնց հետ միասին հանդիպել են ռուս զինվորներին:
Վարորդը պատմել է իր ուղևորների մասին, բայց ոստիկանության աշխատակիցները չհավատալով նրան` շարունակել են հարվածել և հայհոյել: Ավելի ուշ նրան տեղափոխել են ոստիկանություն, այնուհետև քաշքշելով, գոռալով բարձրացրել են ոստիկանության պետի մոտ: Պետին ներկայացրել են, թե Անդրանիկն է թալանել ռուսներին: Չդիմանալով սպառնալիքներին, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին, Մխիթարյանը կատարել է ոստիկանության աշխատակիցների պահանջը և գրել իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:
Ջոն Մարտիրոսյանը հայտնել է, որ 2013թ. հոկտեմբերի 23-ին, ինքը նույնպես գտնվել է ոստիկանությունում և, իր հավաստմամբ, լսել է կողքի սենյակից ծեծի ձայներ, որոնք եղել են Անդրանիկ Մխիթարյանի ձայները:
Այս անձանց իրավունքի խախտման փաստով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որում, մասնավորապես, նշվում է.
«Դիմում եմ Ձեզ քրեական գործ հարուցելու, Ռոբերտ Մուրադյանին, Անդրանիկ Մխիթարյանին խոշտանգած, հոգեբանական ճնշումների ենթարկած ոստիկանության աշխատակիցներին հայտնաբերելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու պահանջով»: