Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկել է օրենսդրական փոփոխություն մտցնել՝ վերացնել ակցիզային հարկը գինու արտադրության համար՝ այդ ոլորտին զարկ տալու նպատակով։ Բագրատյանը նշել է, որ Հայաստանը, լինելով խաղողի հայրենիք, օղի խմող երկիր է դարձել, քանի որ օղին էժան է:
«Հայաստանը զոռով դարձնում ենք օղի խմող երկիր: Խաղողի հայրենիքը խմում է օղի, խմում ենք օղի, որովհետև աղքատ ենք»,- ասել է Բագրատյանը:
Ըստ նրա՝ խաղողը Հայաստանում էժան է, հենց գինու ինքնարժեքը՝ ցածր, սակայն մեկ շիշ գինին վաճառվում է առնվազն 1600 դրամով, որտեղ 1100 դրամը շիշն է, էտիկետը և փականը (պրոբկան): Այսպիսով, Բագրատյանն առաջարկում է ակցիզային հարկը կիրառել միայն շշի պարունակության, և ոչ թե ամբողջ շշի վրա։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն ասել է, որ ցանկանում է անկեղծ լինել և ասել ԱԺ-ում, որ ռուսական օղու դեմ որևէ քայլ անելը Հայաստանում վտանգավոր կլինի:
«Բացահայտ ասեցին, եթե սահմանափակումներ անեք մեր օղու դեմ, վաղը ձեր կոնյակը չեք բերի»,- ասել է Այվազյանը:
Խաղող արտադրողին օգնելու համար Այվազյանն առաջարկել է օրենսդրական փոփոխության փոխարեն դիմել բանկիրներին՝ գյուղացիներին քիչ տոկոսով վարկեր տալու խնդրանքով:
Այվազյանը հավելել է, որ բարձրացված հարցը կարելի է հետագայում քննարկել: