Home / Հայաստան / Սամվել Ալեքսանյանի «Բենթլին» Սամվել Ալեքսանյանին չի պատկանում․ «ՀԺ»

Սամվել Ալեքսանյանի «Բենթլին» Սամվել Ալեքսանյանին չի պատկանում․ «ՀԺ»

Շատերը մինչև հիմա կարծում էին, որ լուսանկարում «Բենթլի մուլսանը» պատկանում է ՀՀ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին` Լֆիկ Սամոյին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«Ճիշտն ասած՝ մենք էլ էինք այդպես կարծում: Մեր թղթակիցը երեկ հարց է ուղղել Ալեքսանյանին. «Պարոն Ալեքսանյան, ի՞նչ արժե ձեր «Բենթլին»»: «Չէ, դա իմը չի: Ես նման մեքենա չունեմ», – պատասխանել է Ալեքսանյանը: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ մեքենայով երթևեկում է հենց ինքը՝ Սամվել Ալեքսանյանը, փորձենք պատկերացնել, թե այդ ինչպես եղավ, որ նա սկսեց օգտվել հենց այդ մեքենայից:

Օրերից մի օր, սովորականի նման, Սամվել Ալեքսանյանը տանից դուրս եկավ ու իր «օգնականների» հետ քայլեց դեպի մոտակա կանգառը` երթուղայինով աշխատանքի գնալու համար: Ճանապարհին ծառի տակ տեսավ դուռը բաց մի «Բենթլի», բանալիներն էլ վրան: Ալեքսանյանն ու նրա օգնականները երկար կանգնեցին, որ տերը գա տանի, ու թաղի երեխաները խազ-մազ չքաշեն վրան: Սպասեցին-սպասեցին, տեսան ոչ ոք չի գալիս, որոշեցին այդ «Բենթլին» վերցնել իրենց խնամքի տակ: Ծառի վրա թողեցին մի գրություն, որ «Բենթլին» իրենց մոտ է, և տերը կարող է այն ետ ստանալ այս ինչ հեռախոսահամարով զանգելու դեպքում: Ու այդպես մեքենան մնաց նրա տիրապետության տակ, իսկ իսկական տերը մինչև հիմա չի զանգել: Նշենք, որ Լֆիկին բոլորովին չպատկանող այս «Բենթլիի» գինը 450-520 հազար դոլար է», – գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ՝ օրաթերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ armtimes.com