Էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը պաշտոնը զբաղեցնելու ընթացքում աղքատացել է, համենայնդեպս այդ մասին են վկայում Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրերը, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը։
Այսպես, 2013 թվականին՝ նախարար դառնալու պահին, Վահրամ Ավանեսյանը հայտարարագրել էր 5 միլիոն 703 հազար 391 դրամ և 19 հազար 897 դոլար ֆինանսական միջոցներ։ Եկամուտները կազմել են 62 միլիոն 773 հազար 296 դրամ, որից 9 միլիոն 143 հազար 296 դրամը եղել է աշխատավարձը, իսկ մնացած 53 միլիոն 630 հազար դրամը՝ շահաբաժինը, որը գոյացել է քաղաքացիաիրավական պայմանագրերից։ Ավանեսյանը հայտարարագրել էր նաև 30 հազար դրամի համարժեք արժեթղթեր։
«Պարզվում է, որ նախարարի պաշտոնը լրիվ սնանկացրել է Վահրամ Ավանեսյանին, քանի որ պաշտոնից հեռանալու պահին նա մնացել է ձեռնունայն. ինչպես կասեին ռուսները՝ աղքատ ինչպես եկեղեցու մուկը։
Ապրիլ ամսին մեծ կարողության տեր նախկին նախարարը հայտարարագրել է ընդամենը 325 հազար դրամ և 2 հազար 500 դոլար։ Եկամտի տեսքով հայտարարագրվել է միայն 1 միլիոն 223 հազար աշխատավարձ։ Իսկ նախկինում քաղաքացիաիրավական փաստաթղթերից գոյացած շահաբաժնի մասին հայտարարագրում ակնարկ անգամ չկա», – նշում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում