Այսօր ՀՀ կառավարության արտահերթ նիստում քննարկվել է մեկ հարց` ՀՀ կառավարության ծրագիրը: Զեկուցումով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
Համաձայն կառավարության պաշտոնական կայքի, ծրագրում գործադիրը հռչակում է, որ իր գործունեության գերակա նպատակը ՀՀ քաղաքացին է՝ նրա ազատության երաշխավորումը, անվտանգության և բարեկեցության բարձրացման ապահովումը:
«Կառավարության ջանքերն առավելապես ուղղվելու են ՀՀ քաղաքացու` ստեղծագործ աշխատանքով իր հայրենիքում իր ապագան կերտելուն: Հայրենիքը յուրաքանչյուր հայի համար դառնալու է ապահով հանգրվան և սեփական կարողությունների, աշխարհի տարբեր ծագերում ձեռք բերած փորձի և գիտելիքների առավելագույն դրսևորման երկիր:
Կարողությունների նման դրսևորման հնարավորություն կարող է ընձեռել միայն հավասար պայմաններ և իրական մրցակցություն ապահովող միջավայրը: Կառավարությունն ապահովելու է, որ կանոնները նույնը լինեն բոլորի համար, որ ՀՀ տնտեսությունը բաց լինի թե՛ հայրենական, թե՛ օտար ներդրողների համար», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
«ՀՀ կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2014-2017 թվականների ընթացքում նպատակադրում է զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում ՀՆԱ-ի միջնաժամկետ 5 տոկոս աճի միջոցով, նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում մինչև 65 հազար դրամի և աղքատության կրճատման ապահովում 10 տոկոսային կետով», – հայտարարել է փոխվարչապետը:
Համաձայն ծրագրի՝ առանձնակի ուշադրություն է դարձվելու տարածքային համաչափ զարգացման խնդիրներին, ենթակառուցվածքների զարգացմանը, հատուկ ուշադրության են արժանացել նաև մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության արդյունավետ համակարգի զարգացման խնդիրները:
«Տարբեր ծրագրեր են իրականացվելու նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, հարկային և մաքսային համակարգերի զարգացման, մրցակցության պաշտպանության ուղղությամբ: Կառավարությունն իր գործունեության մեջ հաշվի է առնելու նաև Մաքսային միության գործընթացների հանգամանքը», – շեշտել է Գևորգյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ծրագրին, որը ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողով: