«Հարսնաքար»-ի գործով դատական նիստի ժամանակ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու կասկածանքով հարցաքննվել է ամբաստանյալ Գարիկ Մարգարյանին մայրը` Նունե Մարգարյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Վերջինիս նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, ի պատասխան «Ազատության» գրավոր հարցման տեղեկացրել է ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչությունը:
Մարգարյանին հարցաքննել են մարտի 24-ին «Հարսնաքար»-ի գործով դատավճռի հրապարակումից հետո տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ Մարգարյանը հայհոյանքներ էր հնչեցրել դատարանի դահլիճում։
Ավելի վաղ՝ ապրիլի 22-ին, ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, որը դրսևորվել է դատաքննության մասնակիցներին վիրավորելով: Տվյալ արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով: