Ուկրաինայի հարցով Հայաստանի՝ ՄԱԿ-ում քվեարկությունը բխում էր Հայաստանի սկզբունքներից և ուղղված չէր Ուկրաինայի դեմ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը։ Նա հրաժարվել է պատասխանել պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հարցին, թե քանի ՄԱԿ-ի գործընկեր է դժգոհություն հայտնել Հայաստանի քվեարկության առթիվ:
«Բազմիցս ասել ենք, որ մեր քվեարկությունը ուղղված չէր Ուկրաինայի դեմ, այլ այն սկզբունքն ենք կարևորել, որով մենք առաջնորդվում ենք, այսինքն՝ ինքնորոշման գաղափարը: Սա ամրագրեցինք մեր քվեարկությամբ: Իհարկե, կլինեին դժգոհություններ, դա քաղաքական պրոցես է», – ասել է փոխնախարարը:
Արզումանյանի խոսքով՝ ինքը 5 տարի ՄԱԿ-ում է աշխատել և պատկերացնում է այն բեռը, որով ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանն առանձնանում է 199 երկրներից՝ ունենալով ընդամենը 9 գործընկեր, որոնցից ոչ մեկը ՄԱԿ-ում ասելիք չունի, քանի որ այդ երկրները 20 տարուց ավել մեկուսացված են, կառույցի որևէ կոմիտեում չկան:
«Նույնիսկ Մաքսային միության մեր գործընկերները ձեռնպահ են քվեարկել», – ասել է Արզումանյանը:
Հիշեցնենք, որ մարտին Հայաստանը դեմ էր քվեարկել ՄԱԿ-ում առաջարկված Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին բանաձևին, որը չի ընդունում Ղրիմի հանրաքվեի արդյունքները։ Բացի Հայաստանից, դեմ են եղել Ռուսաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն։ 57 երկիր ձեռնպահ են քվեարկել, 100-ը բանաձևին կողմ են եղել։