Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հորդորում է «Արի տուն» ծրագրով Հայաստան եկած սփյուռքահայ երեխաների հետ խոսել միայն հայերեն, նույնիսկ եթե դա բարդ է նրանց համար: Այս մասին նախարարն ասել է այսօր ԱԺ-ում 2013 թվականի բյուջեի հաշվետվության ժամանակ: Նա նշել է, որ նախարարությունը նախաձեռնել է և արևմտահայերեն և արևելահայերեն գրքերի հրատարակում, որպեսզի լեզուները մերձվեն:
Հակոբյանն իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ «Արի տուն» ծրագրին քիչ ֆինանսավորում է հատկացվում: Նա նշել է, որ եթե ֆինանսավորումն ավելանա, նախորդ տարիների համեմատ կրկնակի շատ սփյուռքահայ երեխաներ կհյուրընկալվեն Հայաստանում: Ըստ նախարարի՝ «Արի տուն» ծրագրով սփյուռքահայ երեխաները ոչ միայն սովորում են հայկական բուհերում, այլև շփվում հայաստանցիների հետ, և ստեղծվում են նոր ընտանիքներ:
«Մեկն էլ քո աղջիկն էր, որ ամուսնացրեցինք հենց այդ ծրագրի արդյունքում»,- ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանին դիմել է Հրանուշ Հակոբյանը: