Տնտեսության մեջ ստվերի դեմ պայքարելու համար Կառավարությունը ոչ թե օրենսդրական նախաձեռնություններ է ունենալու, այլ գնալու է գործարարների հետ երկխոսության:
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը:
«Ում էլ որ դուք նկատի ունեք, նրանք վճարում են հարկեր, ուղղակի այդ չափը մեզ չի բավարարում (խոսքը գործարարների մասին է- խմբ.): Խոսքը չի գնում 10 միլիոնի, 20 միլիոնի [դրամի] մասին, խոսքը գնում է 100-ավոր միլիոնների և միլիարդների մասին, ինչը [գանձումը] մենք հետևողականորեն պետք է իրականացնենք», – ասել է փոխնախարարը:
Նրա խոսքով՝ եթե ստվերի դեմ այդ աշխատանքը չարվի, 2014 թվականի բյուջեն, որն ունի 1 տրիլիոն 100 միլիարդ դրամ եկամտի ակնկալիք, չի կարող իրականցվել:
Ալավերդյանն ասել է, որ իրենք պայքարելու են ստվերի դեմ շինարարության, կաթ-կաթնամթերքի, հաց-հացամթերքի, վառելիքի, գազի, առողջապահության ոլորտներում:
Փոխնախարարի համոզմամբ՝ ստվերը մեծ է ներմուծումների ոլորտում, քանի որ գործարարները ցածր շահութաբերություն են «գրում» կամ աշխատողներին չեն գրանցում:
Պաշտոնյան հայտնել է, որ մանրածախ առևտրի ոլորտում ուշադրություն է դարձվելու սուպերմարկետներին:
«Հրավիրել, հանդիպել ենք ավելի քան 60 սուպերմարկետների տերերի հետ»,-ասել է փոխնախարարը: