Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալուն ուղղված գործողությունների դեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի բողոքը վարույթ չի ընդունվի։ Դա նշանակում է, որ Հայաստանի խնդիրները չեն հուզում երկրի դատարաններին, ասված է կազմակերպության պաշտոնական կայքում։
Վճռաբեկ դատարանի վճռի մեջ նշված է, թե դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ու բողոքարկման ենթակա չէ։
«Հայաստանի գլխին Ս. Սարգսյանի պատճառով ծառացած խնդիրները ոչ մի կերպ չեն հուզում ՀՀ դատական ատյաններին», – որոշումը մեկնաբանում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը։
2013 թ. սեպտեմբերի 3-ին արված Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչական դատարան բողոք էր ներկայացրել՝ պահանջելով Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելուն ուղղված գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշել էր, որ ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ պատրաստվում էր Ասոցացման պայմանագրի ստորագրմանը, սակայն սեպեմբերի 3-ի հայտարարությամբ և դրանից հետո կայացված որոշումներով այդ քայլերին հակասող դիրքորոշում է արտահայտել: Այսպիսով՝ խախտվել է թափանցիկության սկզբունքը, քանի որ մեկ օրվա մեջ կամայական որոշում է կայացվել:
«Սերժ Սարգսյանի որոշումը նաև պատճառաբանված չէ, որոշումը պիտի բխի ժողովրդի շահերից, այնինչ այդ որոշմամբ վատթարացում է տեղի ունենում, երբ ՀՀ-ի կողմից որոշում է կայացվում Մաքսային միությանն անդամակցել՝ ի տարբերություն Ասոցացման պայմանագրի», – նշել էր Սաքունցը։
Այդ փաստարկները համոզիչ չեն եղել ՀՀ Վճռաբեկ դատարանի համար, որն իր որոշման մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին գրավոր տեղեկացրել է մայիսի 23-ին։