«Ժառանգություն» կուսասակցությունը դատապարտում է Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միացնելու իշխանության ջանքերը: Այս մասին ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
«Համարում ենք, որ Սերժ Սարգսյանի անընդունելի, Հայաստանի ազգային շահերից չբխող արտաքին և ներքին քաղաքականությունները միտված են կեղծված ընտրությունների արդյունքում ձեռք բերած իր անձնական իշխանության երկարաձգմանը և հարվածում են Հայոց երկու պետականությունների անկախությանը և անվտանգությանը:
Մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության հիմնադրման արարողության ընթացքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հնչեցրած նախապայմանը, որը վերաբերում էր Հայաստանին այդ միության մեջ առանց Արցախի ընդունելուն, և որն ակնհայտորեն համաձայնեցված էր Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի հետ, այլևս ամենքին ցույց տվեց, որ Հայաստանն անելիք չունի այս միության մեջ:
Թեև ԵՏՄ-ն ձևավորվում է իր անդամների շահերը պաշտպանելու նպատակով, այն չի պատրաստվում պաշտպանել Հայաստանի ազգային շահերը. ճիշտ հակառակը՝ արդեն պաշտպանում է միությանն անդամակցելու որևէ մտադրություն չհայտնած, ՀԱՊԿ անդամ չհանդիսացող և մեր երկրի հետ պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանի շահերը:
Հայաստանի հանդեպ անհարգալից վերաբերմունքը ԵՏՄ-ում հիմք է տալիս կարծելու, որ Հայաստանն այդ միությունում դիտվում է ոչ թե որպես իրավահավասար գործընկեր, այլ որպես գործիք՝ Ադրբեջանի վրա ներգործելու համար:
«Ժառանգություն» կուսակցությունը.
պահանջում է ՀՀ դե ֆակտո նախագահից անհապաղ հրաժարվել Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացից.
կոչ է անում ՀՀ քաղաքական ուժերին պաշտոնական դիրքորոշում արտահայտել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու վտանգավոր գործընթացի վերաբերյալ, նաև մայիսի 29-ին Աստանայում ի հայտ եկած իրողությունների լույսի ներքո.
կոչ է անում Հայաստանի առողջ ուժերին միասնաբար ուղիներ փնտրել Հայաստանի և Արցախի ինքնիշխանությանը և անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին դիմակայելու համար», – մասնավորապես, ասված է հայտարարության մեջ: