Գյումրիում 1988 թվականի երկրաշարժից ի վեր անօթևան մնացած շուրջ 430 ընտանիքներ այս տարի էլ բնակարան չեն ստանա, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը: Կառավարության խոստացած շինարարությունն ամիսներով ձգձգվում էր տարբեր պատճառաբանություններով:
Երեկ Քաղաքաշինության նախարարությունը ««Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանին տեղեկացրել է, որ այս տարի Գյումրիում շինարարություն չի իրականացվի:
«Միայն Ախուրյանում երեք շենքի շինարարություն կընթանա: Իսկ հաջորդ տարվա մասին միայն երկու ամիս անց կկարողանան հստակ տեղեկատվություն տրամադրել։ Հավանաբար ֆինանսական խնդիրներն են», – հավելել է Թումասյանը:
Այս տեղեկությունը շատ արագ հասել էր անտանելի պայմաններում տնակներում բնակվող մարդկանց: Արդեն մոտ երեք տասնամյակ այստեղ ապրող մարդիկ Գյումրիի նկատմամբ երկրի իշխանությունների նման վերաբերմունքը կապում են վերջին նախագահական ընտրությունների հետ: Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, Գյումրիում պարտություն էր կրել:
Անտարբեր վերաբերմունքից խիստ վրդովված մարդիկ ասում են, որ իրենց համբերության բաժակը լցվել է և իշխանություններից ոչ թե խնդրում, այլ պահանջում են լուծել իրենց բնակարանային խնդիրը:
Մանրամասները՝ azatutyun.am-ի տեսանյութում