Այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկվել է ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը։ Պատգամավորներն առաջարկում են օրենքից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը:
Ինչպես նշում է ՀՀ կառավարության կայքը, գործադիրը վկայակոչել է Սահմանադրական դատարանի որոշումը, որի պահանջներին մինչև սեպտեմբերի 30-ը պետք է համապատասխանեցվի օրենքը, և այն, որ նախագծի ընդունման դեպքում իրավական խառնաշփոթ կստեղծվի, կառավարությունը թերի է համարել նախագիծը, որը «համակարգային առումով չի ապահովում իրավական անվտանգությունը և ընդունելի չէ»:
Նշենք, որ ներկայիս օրենքով, աշխատողը միայն այն ժամանակ կարող է հրաժարվել պարտադիր բաղադրիչից, եթե համապատասխան դիմում ներկայացնի գործատուին։ Վերջին շրջանում ԶԼՄ-ներում բազմաթիվ նյութեր են հայտնվում այն մասին, որ հատկապես պետական մարմիններում ղեկավարները հրաժարվում են ընդունել աշխատակիցների դիմումները։